Եղբայրս հաշմանդամություն ձեռք բերած վերադարձել է տուն, պետությունն անտեսում է, հուսամ՝ Փաշինյանը քայլեր կձեռնարկի նրա իրավունքների վերականգման համար. Արտաշես Միքայելյան
Եղբայրս հայրենիք նկատմամբ իր պարտքը կատարել է, հաշմանդամություն ձեռք բերած վերադարձել տուն, այսօր պետության կողմից անտեսված է, նույնիսկ հասանելիք ֆինանսական աջակցությունը չեն ցուցաբերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի բնակիչ Արտաշես Միքայելյանը, ով երեկ Սևանի Համալիր սոցծառայությունների տարածքային կենտրոնի բացումից հետո մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և փորձել էր ներկայացնել եղբոր հետ կապված խնդիրները:
«2016-ի նոյեմբերի 27-ին եղբայրս ՝ Կարապետ Միքայելյանը, մարտական հենակետում մարտական ծառայությունը կատարելիս հակառակորդի դիպուկահարի կողմից գլխի թափանցող վիրավորում է ստացել։ Վիճակը ծայրահեղ ծանր էր ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան: Նրա կյանքի համար պայքարելուց հետո նրան տրվել էր հաշամանդամության 2-րդ կարգ, ամսական 74 հազար դրամ գումար էր, ստանում: Մոտ մեկ տարի տալուց հետո ասացին, որ վերականգնվել է, կարգից զրկեցին, բայց եղբայրս այնպիսի վիրավորում չի ստացել, որ վերականգնվի, գլխի հատվածից գնդակը մտել էր քթից դուրս եկել, լսողության նյարդերը գնդակի հետ դուրս են եկել, բացարաձակ չի լսում, տնային պայմաններում մինչև այսօր էլ բուժում է ստանում»,-մանրամասնեց նա:
Արտաշես Միքայելյանի խոսքով ՝ թվային ապարատ ևս տեղադրել են, բայց եղբոր լսողությունը չի վերականգնվում:
«Կարգը և թոշակը վերականգնելու համար դիմել էինք դատարան, երեք տարի է դատական նիստերը անընդհատ հետաձգվում են, արդեն չգիտենք՝ ինչ սպասենք: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դիմենք Նաիրի Սարգսյանին, դիմեցի, ինձ զանգեցին, պատմեցի այն, ինչ ձեզ եմ պատմում: Սպասում ենք, տեսնենք ՝ ինչ կանեն: Եղբորս իրավունքները պետք է վերականգնվեն: Հուսամ՝ վարչապետը քայլեր կձեռնարկի»,-մանրամասնեց նա:
Արտաշես Միքայելյանը հիշեցրեց նաև, որ բարձրաձայնել է եղբոր վիրավորելու հանգամանքների հետ կապված, ասել, որ անթույլատրելի է եղել օրը ցերեկով 3 կողմից դիտարկվող հատվածում զինծառայողին ասել, որ ինժեներական աշխատանքներ կատարի:
Արտաշես Միքայելյանն ասաց, որ այս պահին իրենց ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել, ընտանիքից ոչ ոք չի աշխատում: Ինքն է եղել տան միակ եկամուտ բերողը, բայց արտակարգ դրության պատճառով հիմա ինքն էլ է անգործ:
Արտաշես Միքայելյանը պատմեց, որ փորձել է Իրանից խեցգետին ներմուծել, ԱՁ է բացել, ՀՀ-ում գործունեության լիցենզիա ստացել, սակայն մոտ 18 մլն դրամի բեռը Մեղիրիի անցակետում չեն թույլատրել անցկացնել:
«Բայց ինձ աշխատկիցները ասել էին՝ խնդիր չի լինի, բեռնափոխադրումներ իրականացվում են, ապրանքը այդպես մնաց, փչացավ, վարկերն էլ պիտի մարեմ: Նամակով դիմել եմ թե՛ Տիգրան Ավինյանին, թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նրա խոսնակին, բայց այս մասով էլ արձագանք չկա»,-պատմեց նա:
Արտաշես Միքայելյանը նախկինում աշխատել է ռազմական ոստիկանությունում:










