Պրահայում և Բրատիսլավայում նույնպես ակցիաներ են անցկացվել՝ հաջակցություն Բելառուսում ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների

23:56 • 15.08.20

04:50

Հաջակցություն Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի մասնակիցների, շաբաթ երեկո Պրահայում և Բրատիսլավայում նույնպես ակցիաներ են տեղի ունեցել: Այս մասին Չեխիայի մայրաքաղաքից հայտնել է ТАСС-ի թղթակիցը, իսկ Սլովակիայից՝ TASR գործակալությունը:

Պրահայում աջակցության ակցիան ցույցի տեսքով է իրականացվել, որին, ըստ իրավապահների, մասնակցել է մոտ 350 մարդ:

Բրատիսլավայում բելառուս ցուցարարներին աջակցող ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:

02:42

Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցներն ու ընդդիմադիրները կիրակի երկրի մայրաքաղաք Մինսկում ակցիաներ կիրականացնեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով tut.by պորտալին:

Հաղորդվում է, որ Լուկաշենկոյի կողմնակիցներին ժամը 12:00-ին (երևանյան ժամանակով 13:00-ին) հրավիրում են կառավարության շենքի մոտ՝ Անկախության հրապարակում տեղի ունենալիք ակցիային, որը կրելու է «Թույլ չենք տա կործանել երկիրը» կարգախոսը:

Պորտալի տեղեկություններով՝ ներկայիս նախագահին աջակցող մարդիկ և պետական կուրսը հրավիրում են նաև Հաղթանակի հրապարակ, Վետերանների տուն, Արհմիությունների պալատ և քաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող այլ վայրեր:

Իր հերթին, ընդդիմությունը հայտարարել է «Հանուն անկախության» երթի մասին, որը պետք է մեկնարկի երևանյան ժամանակով 15:00-ին կրկին Անկախության հրապարակից և անցնի համանուն պողոտայով:

01:48

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Բելառուսի դեսպանատան դիմաց, բողոքի ակցիան ավարտվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ ակցիան շարունակվել է ավելի քան 12 ժամ և դարձել օգոստոսի 9-ից հետո, երբ ցուցարարները դեսպանատան դիմաց հավաքվել էին առաջին անգամ, ամենաերկարը:

Դեսպանատան դիմաց միաժամանակ գտնվելիս է եղել մինչև 400 մարդ: Հավաքվածները կենդանի շղթա են կազմել դեսպանատնից Մարոսեյկայի մայթից Չինաստան-քաղաքի ուղղությամբ: Շղթայի մեծ մասը կազմել են ծաղկավոր, սպիտակ հագուստով աղջիկներ: Բացի ծաղիկներից, իրենց ձեռքերին եղել է սպիտակ ժապավեն: Նրանք հնչեցրել են քաղաքական տարբեր կարգախոսներ և երգել:

Ակցիային մի քանի ժամով ներկա են եղել նաև SERB շարժման ներկայացուցիչներ, գրանցվել է նաև ակտիվիստների հետ կարճ միջադեպ: Ականատեսների խոսքով՝ SERB շարժման անդամներից մեկի մոտ բելառուսական ՕՄՕՆ-ի գործողություններն արդարացնող գրությամբ պաստառ է եղել, որը շատ մոտ է պահվել ակցիայի մասնակիցներից մեկի դեպքին: Ոստիկանությունը զրուցել է շարժման ներկայացուցիչների հետ, ինչից հետո վերջիններս հեռացել են:

Նշվում է, որ ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 3 մարդ: Սա 7-րդ օրն է, երբ Բելառուսի դեսպանատան դիմաց հավաքվում նախագահական ընտրությունների արդյունքներից և ուժայինների գործողություններից դժգոհ քաղաքացիներ:

00:54

Բելառուսի Բրեստ քաղաքում շաբաթ հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու համար: Մարդիկ հավաքվել են Լենինի կենտրոնական հրապարակում ընտրությունների արդյունքների հարցով իրենց դժգոհությունը արտահայտելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ բազմամարդ երթի մասնակիցները, որոնք որոշ գնահատականներով 10-ից 15 հազար են, ունեն սպիտակ և կարմիր գնդակներ, ծաղիկներ և «Ազատություն», «Բրեստ դուրս եկ» և այլ գրություններով պաստառներ:

Չնայած ուշ ժամին Բրեստի բնակիչները մտադիր չեն դադարեցնել ակցիան: Իրավապահները ակցիային չեն միջամտում: Միևնույն ժամանակ քաղաքի մեկ այլ հատվածում սոլիդարության շղթա են կազմել, որը ձգվում է «Ինտուրիստ» հյուրանոցից մինչև Կոբրինսկու կամուրջ:

23:49

Մինսկում ՕՄՕՆ-ը ուժեղացված հսկողության տակ է առել բելառուսական հեռուստառադիոընկերության շենքը, ուր այսօր անձնակազմերով ժամանել էին Բելառուսի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Նատալյա Կոչանովան և երկրի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, սաղավարտներով և մետաղական վահաններով ՕՄՕՆ-ականներին նկատել են շենքի առաջին հարկում, սակայն նրանց հստակ թիվը պարզել չի ստացվել:

Նշվում է, որ «Բելհեռուստառադիոընկերությունն» աշխատում է շուրջօրյա, և շենքի ներսում գտնվում են աշխատակիցներն ու տեխնիկական անձնակազմը: Այստեղ այսօր կայացել է Էյսմոնտի և Կոչանովայի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է երկրում տիրող իրավիճակը: Կարծիք կա, որ նրանք համոզել են պետական հոռուստաընկերության աշխատակիցներին գործադուլ չանել, որի հավանականության մասին նրանք ավելի վաղ հայտնել էին:

23:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին իսկ խնդրանքի դեպքում օգնություն ցույց կտա երկրում անվտանգության ապահովման համար:

Ինչպես փոխանցում է БелТА գործակալությունը, Լուկաշենկոյի խոսքով՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Պայմանավորվել ենք, որ առաջին իսկ հարցման դեպքում համապարփակ օգնություն կցուցաբերվի Բելառուսի Հանրապետությունում անվտանգության ապահովման համար»,- ասել է Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ռազմական կառավարման կոնտրոնումխորհրդակցության ժամանակ:

«Երբ խոսքը ռազմական բաղադրչի մասին է, մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ ՀԱՊԿ-ի և Դաշնակից պետության շրջանակներում»,- ասել է Լուկաշենկոն՝ հայտնելով, որ Պուտինի հետ զրույցի ժամանակ զարմացել է տեղի ունեցող իրադարձություններից նրա տեղեկացվածությամբ:

Հիշեցնենք, որ նախագահների հեռախոսազրույցի մասին հայտնի էր դարձել այսօր՝ ավելի վաղ: Կրեմլից հայտնել էին, որ կողմերը քննարկել են Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Երկրի քաղաքացիներն ամենօրյա ցույցերով և գործադուլներով իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ ձայների ավելի քան 80 տոկոսով հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրին միջազգային միջնորդներ պետք չեն նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ցույցերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: