Դասերի վերսկսման համար պետք է հաշվի առնեն հանրակրթական ոլորտի մասնագետների կարծիքները,  որովհետև որոշում կայացնողները հիմնականում տեղյակ չեն էլ լինում խնդրից. Ատոմ Մխիթարյան

17:01 • 15.08.20

 

Մեզ մինչև հիմա միայն պարզ է, որ դասերը վերսկսվելու են սեպտեմբերի 15-ից, բայց թե դրանք ինչպես են վերսկսվելու, ինչ աշխատանքներ են արվելու, ինչ ընթացք է տրվելու, ինչ հրահանգներ և ցուցումներ են լինելու, հայտնի չէ:  Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով սեպտեմբերի 15-ից դասերի վերսկսելու մասին։ Նա հույս հայտնեց, որ իրավիճակին համապատասխան ցուցումներ կտրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից:

Նշենք, որ ըստ պարետատան որոշման համաձայն՝ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից:

«Մենք դեռ գարնան ամիսներից էինք ասում, որ դասերը պետք է վերսկսվեն, քանի որ հեռավար դասերի ընթացքում կրթության որակն է տուժում, և պետք է անցնել նորմալ դասապրոցեսի կազմակերպմանը՝ հատկապես հանրակրթության ոլորտում: Իհարկե, համավարակի ընթացքում պետք է հակահամաճարակային բոլոր նախապատրաստական աշխատանքները կազմակերպել և դրան համապատասխան իրականացնել դասերը»,- ասաց նա:

Մխիթարյանը շեշտեց, որ դասերը վերսկսվելուց առաջ նախարարության կողմից ուղեցույցներ, ցուցումներ պետք է տրվեն և բոլոր նախապատրաստական աշխատանքերը մինչև սեպտեմբեր պետք է կատարվի, յուրաքանչյուր որոշում պետք է համաձայնեցվի պարետատան հետ: «Ճիշտ կլինի, եթե կրճատվեն դասերի տևողությունը, դասարանները կիսվեն և օրինակ՝ երկու խմբով լինեն, հերթով լինեն, աշակերտների մեջ պահվի սոցիալական հեռավորությունը, դասամիջոցներին  ախտահանվեն դասարանները»:

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է քննարկվի նաև հանրակրության ոլորտի, առողջապահության ոլորտի մասնագետների հետ: «Խորհուրդ եմ տալիս, որ հիմա հաշվի առնեն հանրակրթական ոլորտի մասնագետների կարծիքները, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ է ստացվում․ որոշում են կայացնում, իսկ հետո մտածում են, թե ինչպես այդ որոշումն իրականացնեն, որովհետև հիմնականում այն մարդիկ, որոնք կայացնում են այդ որոշումները, տեղյակ չեն էլ լինում խնդրից և չեն կարողանում այդ ամենն իրականացնել ու կանգնում են մի հարցի առաջ, թե ինչպես փոխել ստեղծված իրավիճակը»,- ասաց նա և հավելեց, որ իրավիճակը համակողմանի լուծում է ենթադրում:

Հարցին, թե արդյո՞ք առաջարկվող տարբերակները չեն կարող ծանրաբեռնել աշակերտներին և դպրոցներին, մասնագետը պատասխանեց՝ իհարկե, բայց պետք է մի կողմից տուժել, որը սակայն չպետք է լինի դասերի հաշվի,ն և ուսուցիչները պետք է պատրաստ լինեն ավելի երկար մնալ դպրոցներում, որպեսզի երեխաները կարողանան համապատասխան կրթություն ստանալ: