«Դա տարօրինակ և անընդունելի է». Զելենսկին այսպես է գնահատել Մինսկում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին Ռուսաստան վերադարձնելու որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անարդար է անվանել Բելառուսի իշխանությունների՝ Մինսկի մոտակայքում ձերբակալված ՌԴ 32 քաղաքացիներին Ռուսաստան վերադարձնելու մասին որոշումը և հայտարարել է, որ այս որոշումը ողբերգական արդյունքներ է ունենալու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իմ կարծիքով, դա տարօրինակ և անընդունելի է բարեկամական միջպետական հարաբերություններում: Կարծում ենք, որ նման որոշումը, մեղմ ասած, անարդար է և այնպիսին, որը չի համապատասխանում հարգանքի և փոխադարձ օգնության վրա հիմնված հարաբերություններին, որոնք ձևավորվել են Ուկրաինայի և Բելառուսի միջև: Այդ որոշման հետևանքները ողբերգական են լինելու: Մենք հասկանում ենք, որ «վագներականները» ամեն դեպքում վերադառնալու են իրենց սովորական զբաղմունքին` պատերազմի հրահրմանը: Աստված տա, որ Բելառուսական իշխանությունները իրենց տարածքում չստանան ևս մեկ վառվող, արնաքամ Դոնբաս»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքերով` Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը դիմել է Բելառուսի գլխավոր դատախազությանը` ձերբակալված քաղաքացիներին Ուկրաինային հանձնելու խնդրանքով:
«Բելառուսական կողմը դիմումն անպատասխան է թողել: Փորձել ենք նաև դիվանագիտական և անձնական ալիքներով ապացուցել մեր գործընկերներին, թե ինչու ճիշտ կլիներ գնալ հենց մեր առաջարկած ճանապարհով: Սակայն ցավոք, դա տեղի չունեցավ»,-եզրափակել է իր խոսքը Զելենսկին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսը Ռուսաստանի Դաշնությանն է հանձնել ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության՝ լույս հուլիսի 29-ին Բելառուսում ձերբակալված անդամ զինյալներին, ինչի մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը:
Դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ բելառուսական կողմը հանձնել է 32 զինյալի, մինչդեռ 33-րդը , որը նաև Բելառուսի քաղաքացիություն ունի, շարունակում է Բելառուսի տարածքում մնալ:
Հայտնի է, որ «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամ զինյալները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ նախկինում ծառայել են ՌԴ ուժային կառույցներում:










