Ֆիլիպինցի նախարարը երկրորդ անգամ կորոնավիրուսով է վարակվել
Ֆիլիպինների ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար Էդուարդո Անյոն երկրորդ անգամ կորոնավիրուսով է վարակվել․ պաշտոնյայի մոտ առաջին անգամ վարակման դեպքը հաստատվել էր այս տարվա մարտին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ բուժման կուրս անցնելուց հետո 58-ամյա Անյոյի թեստի պատասխանը բացասական է եղել։
«Ինձ մոտ սկսել են գրիպի ախտանշաններ ի հայտ գալ՝ այդ թվում կոկորդի ցավ և մարմնի կոտրտվածության զգացողություն․ օգոստոսի 15-ին թեստի արդյունքն եմ ստացել, որում ասվում է, որ ինձ մոտ կրկին կորոնավիրուս է հաստատվել»,- հայտնել է նախարարը և հավելել, որ քաղաքացիները պետք է գիտակցեն համավարակի լրջությունն ու վտանգավորության աստիճանը, դիմակներ կրեն և հաճախակի լվանան ձեռքերը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ֆիլիպիններում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 153 000 դեպք, որից ավելի քան 2400-ը՝ մահվան ելքով։










