ԱՄՆ իշխանություները սաղմոնի պահպանության համար հարյուրավոր ծովառյուծների վերացման թույլտվություն են տվել
ԱՄՆ իշխանություները Վաշինգտոն, Օրեգոն և Այդահո նահանգներում վայրի բնության ոլորտի գործիչներին Կոլումբիա գետի ավազանում սաղմոնով սնվող հարյուրավոր ծավառյուծներ սպանելու թույլտվություն են տվել, գրում է The Guardian պարբերականը։
«Այս վայրերում ձկները շատ խոցելի են համարվում․․․պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ ձկները բազմանան»,- նշել է Օրեգոնի ձկների և վայրի բնության բաժանմունքի ավագ վերլուծաբան Շոն Քլեմենթսը։
Նոր թույլտվության համաձայն՝ նահանգների ներկայացուցիչները և ամերիկյան մի քանի բնիկ ցեղեր Պորտլենդից մինչև Մաքների ամբարտակ ձգվող 290 կմ հատվածում մինչև 716 ծովառյուծ կարող են սատկացնել։
Աղբյուրը մանրամասնում է, որ գետի ավազանից տարիներ շարունակ ծովառյուծներին հեռացնելու միջոցներ են ձեռնարկվել, սակայն՝ ապարդյուն, քանի որ վերջիններս օրեր անց վերադարձել են իրենց կենսամիջավայր և շարունակել սաղմոնով սնվել։
Նշվում է, որ տարիներ առաջ էլ, ծովառյուծների «որսը» թույատրելի է եղել, սակայն միայն այն դեպքում, եթե այդ կաթնասուններին սաղմոն ուտելիս տեսնեին, և թողնեին, որ դրանք իրենց ստեղծած ծուղակում հայտնվեն։ Հայտնի է, որ այս կաթնասուսնների վրա կրակելն արգելված է եղել և շարունակում է լինել։ Միակ եղանակը նրանց քնեցնելը, այնուհետև մահացու ներարկում կատարելն է։










