Բելառուսական ընդդիմությունը իշխանության փոխանցման հարցը համակարգող խորհուրդ է ստեղծել
Բելառուսական ընդդիմությունը հրապարակել է այսպես կոչված՝ իշխանության փոխանցման հարցով համակարգող խորհրդի նախնական կազմը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այն ներկայացրել է նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահորդը:
Ցուցակում ներկա պահին 36 մարդ է ներառված: Նրանց թվում են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, ինչպես նաև Տիխանովսկայայի և մյուս ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբաիկոյի նախընտրական շտաբի անդամները, մի շարք լրագրողներ, գործարարներ և հասարակական գործիչներ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի նախագահ է հռչակելու:
Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, այսօր այցելել է Մինսկի անվային քարշակների գործարան, որտեղ ելույթ ունենալով՝ հայտարարել է Սահմանադրության փոփոխության ծրագրերի մասին, որը ցանկության դեպքում թույլ կտա նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:










