Դուբայի իշխանությունները շներին ներգրավել են օդանավակայանում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործում

10:56 • 17.08.20

Դուբայի իշխանությունները շներին ներգրավել են Դուբայի միջազգային օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է Travel and Leisure-ը:

Շների պարտականությունն ուղևորներին բառացիորեն հոտոտելն է՝ պարզելու՝ արդյոք նրանք վարակված չեն կորոնավիրուսով։

Ինչպես գրում է աղբյուրը, կորոնավիրուս հայտնաբերելու համար շների վարժեցումը լուրջ և երկարաժամկետ գործընթաց է, որի համար անհրաժեշտ է լաբորատորիա, հատուկ սարքավորումներ և հիվանդ մարդկանց քրտինք։ Հայտնի է, որ հետազոտության ընթացքում շների հոտառության ճշգրտությունը կազմել է 92 տոկոս։

Դուբայի օդանավակայանն առաջինն է, որը կենդանիներին օգտագործում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: 

Դուբայը զբոսաշրջիկների համար բացվել է հուլիսին։ Ուղևորները պարտավոր են COVID-19-ի բացասական թեստի պատասխանի մասին տեղեկանք տրամադրել, որը ստացվել է ուղևորությունից ոչ շուտ, քան 96 ժամ առաջ։