«Քաղաքապետն ամենավատ աշխատող պաշտոնյաներից է մեր երկրում, որովհետև չի արել մինչև ընտրությունները տված խոստումներից որևէ մեկը». ԼՀԿ Երևանի խորհուրդը հանդիպեց Էրեբունու բնակիչներին

20:22 • 17.08.20

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդն Էրեբունի վարչական շրջանում հանդիպեց քաղաքացիների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին:

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին դժգոհություն հայտնեցին քաղաքային տրանսպորտի խնդիրների վերաբերյալ: Նա արձագանքեց, որ այն օրվանից, ինչ կայացան քաղաքապետի ընտրությունները, պատրաստի ծրագիր կար, որ քաղաքային տրանսպորտը նորացվի:

«Քաղաքապետը եկավ, ասաց՝ այս ծրագիրը թերի է, 6 ամիս անց հասկացավ՝ ինչ էր այդ ծրագիրը, և որ կարելի է այն իրականացնել, հետո այդպես էլ ոչինչ չարեց: Բայց ո՞վ է մեղավոր, որ մեր ժողովուրդը գնաց, 90 տոկոս ձայն տվեց իրեն: Մեր քաղաքապետն ամենավատ աշխատող պաշտոնյաներից է մեր երկրում, որովհետև չի արել մինչև ընտրությունները տված խոստումներից որևէ մեկը»,-ասաց նա՝ հավելելով, թե միայն հիմա սկսել են մի քանի տեղ վերելակները փոխել:

Գորգիսյանը, անդրադառնալով մեկ այլ քաղաքացու՝ կենսաթոշակների մասին հարցին, ասաց, թե դրանց բարձրացման համար անհրաժեշտ է, որ տնտեսությունն աճի, բյուջեն ավելանա:

Քաղաքացու դիտարկմանը, թե պարգևավճարներ են բաժանվում, Գորգիսյանն արձագանքեց, թե «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն իրենց ստացած ամբողջ պարգևավճարներն ուղարկել են Տավուշ: «Մենք կոչ ենք արել, որ պարգևավճարները հանեն: Քանի դեռ չկա տնտեսական աճ՝ հատկապես այս տարի, երբ պանդեմիա է, ճգնաժամ է, առաջարկել ենք պարգևավճարներ չտալ»,-նշեց նա:

Բնակիչներից ոմանք նշեցին, որ ընդդիմությունը չի թողնում՝ իշխանությունն իր անելիքներն անի, Գորգիսյանն էլ արձագանքեց, որ իշխանությանն առաջ մղողը ընդդիմությունն է, իսկ ում աշխատանքից հիասթափվել են, մյուս ընտրություններին նրանց օգտին կարող են չքվեարկել:

Պատգամավորն ընդգծեց՝ ՀՀ վարչապետը քաղաքացիներին վախեցնում է, որ եթե իրենք չլինեն իշխանության, նախորդ իշխանություններն են վերադառնալու, ինչը, ըստ Գորգիսյանի, սխալ է: