Իշխանությունները տապալել են կոռուպցիայի դեմ պայքարը, ծախսերը պետք է ուղղել գործող դատարանների զարգացմանը, ոչ թե Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը. փաստաբան

18:05 • 17.08.20

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը իշխանությունների կողմից հակակոռուպցիոն քաղաքականության տապալման ֆոնին ընդամենը փորձ է լինելու ցույց տալ, որ ՀՀ-ում պայքարում են կոռուպցիայի դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին, որով 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

«Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչպիսին է կոռուպցիայի իրավիճակը ՀՀ-ում: Գործող իշխանությունը հայտարարում էր, որ անողոք պայքար է մղելու կոռուպցիայի դեմ, սակայն անցած երկու տարիների ընթացքում չեղան սուր կոռուպցիոն բացահայտումներ, չկա վերջնական դատական ակտ, որ ՀՀ-ում լայնամասշտաբ կոռուպցիոն գործընթացներ են եղել: Եվ, եթե չունենք բուն խնդիրը, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչի համար ենք պետք մասնագիտացված դատարանները»,-ասաց նա՝ նշելով, թե սա ՀՀ-ում ներմուծվող հերթական օտար ինստիտուտն է, որի նպատակը դրամաշնորհներ ստանալն է:

Նրա խոսքով՝ այն ծախսերը, որոնք կատարվելու են հակակոռուպցիոն դատարանների ստեղծման համար, կարելի էր ուղղել գործող դատարանների զարգացմանը, պատրաստվածության բարձրացմանը:

«Դատական իշխանության մեջ չկան հայեցակարգային խնդիրներ. կա դատավորների թվի պակաս, որի պատճառով տուժում է գործի ողջամիտ ժամկետը: Պետք է դատավորների ծանրաբեռնվածության հարցը լուծել: Մեր ընդհանուր իրավասության դատարաններում կան հրաշալի դատավորներ, և այս պահին մեզ անհրաժեշտ չեն հակակոռուպցիոն դատարաններ: Չենք կարող ասել, որ քրեական գործեր քննող դատավորները վատ որակով են քննել կոռուպցիոն հանցավորությանը վերաբերող գործերը, և ընդամենը կարելի էր վերապատրաստումների տեսքով առկա խնդիրները լուծել»,-ասաց փաստաբանը:

Վերջինս նշեց նաև՝ եթե ցանկություն կար բարձրացնել կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարը, ապա մինչև հակակոռուպցիոն դատարանները ստեղծելը պետք էր ունենալ պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ, քանի որ նախևառաջ պետք է բացահայտել այդպիսի հանցագործությունները, հետո միայն մտածել դրանց քննության մասին:

Ինչ վերաբերում է ստեղծվող դատարանի դատավորների անկախությանը, Կոչուբաևն ասաց. «Երբ խոսում ենք դատական իշխանության անկախության մասին, կարևոր են իրավաքաղաքական իրողությունները, իսկ արդյոք այսօր անկախ են դատարանները. իմ խորին համոզմամբ՝ ոչ: Կան անկախ դատավորներ, նվիրյալներ, որոնք չեն ճնշվում, չեն սպասարկում որևէ շահի, սակայն, լայն առումով, դատական իշխանությունը զգայուն գործերով հակվածություն ունի դեպի իշխանության գործադիր թևը, և նույն պատկերն է լինելու Հակակոռուպցիոն դատարանում, քանի որ դրա ստեղծման ընթացակարգում չկան այնպիսի երաշխիքներ, մեխանիզմներ, որ այնտեղ չհայտնվեն «թավշյա» դատավորներ»: