Առաջադրում են ՍԴ դատավորի թեկնածու, ԶԼՄ-ներով անվանարկում՝ ազդակ հղելով մյուսներին, որ չառաջադրվեն Կառավարության կողմից, քանզի երաշխավորված չեն հարձակումներից. Տարոն Սիմոնյանը՝ Վ. Ավետիսյանի մասին
Եթե դիտարկենք, որ Կառավարությունն ու «Իմ քայլը» մեկ թիմ են, ես սա անպատասխանատու վարքագիծ եմ համարում, որովհետև չի կարելի բավականին լուրջ մասնագետի, որը մեծ հարգանք ունի իրավաբանական համայնքում, բերել թեկնածու առաջադրել, հետո պատգամավորների մի որոշակի հատվածով փորձել նրան անվանարկել, դա հարիր չէ պատգամավորին, իսկ իրեն հարգող մասնագետ իրավաբանը, բնականաբար, դրան պետք է արձագանքի և պարոն Ավետիսյանն էլ այս կերպ արձագանքեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրում, իսկ իշխող մեծամասնությունն ունենում է հակասություն այդ թեկնածուի հետ:
Հարցին՝ արդյոք սա չի նշանակում, որ իշխանությունը ՍԴ դատավորի թեկնածուի ճգնաժամ ունի, Սիմոնյանը պատասխանեց. «Որոշ լավ իրավաբաններ, մասնագետներ իմ ունեցած տեղեկություններով խուսափում են այսօրվա իշխանությունների հետ ինչ-որ ճանապարհ անցնելուց, որովհետև այդ մարդիկ հասկանում են, որ ամեն դեպքում պրոֆեսիոնալ վերաբերմունք չկա դատական համակարգի նկատմամբ և չկա նաև դատական համակարգում ներկայացվող թեկնածուների նկատմամբ ու ստացվում է այն, ինչը ունենք»:
Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ լավ մասնագետներն ուզում են, որ իրենց հետ խոսեն, իրենց թեկնածությունն առաջադրվի այնպիսի քաղաքական ուժի կողմից, որն առնվազն ինքն իրեն հաշիվ տալիս է, որ այդ մարդիկ ևս ունեն էթիկական բարձր որակներ ու համապատասխան վերաբերմունք են ակնկալում:
«Բայց ի՞նչ է նշանակում համ առաջադրվի կոնկրետ թեկնածուն, համ իշխանությանը մոտ կանգնած զանգվածային լրատվության միջոցներով սկսեն անվանարկման գործընթաց: Դա սխալ վարքագիծ է և քաղաքական տեսանկյունից չափազանց անհեռատես, սա նշանակում է, որ իրենք ինչ-որ առումով ազդակ են հղում մնացած բոլոր պրոֆեսիոնալներին, որ չառաջադրվեն «Իմ քայլը» խմբակցության կամ Կառավարության կողմից, որովհետև որևէ ձևով երաշխավորված չեն, որ իրենց վրա չեն հարձակվի ու քաղաքական անբարոյական վարքագիծ դրսևորեն»,- շեշտեց պատգմավորը:
Հարցին՝ ինչ-որ ժամանակ կա՞ սահմանված ՍԴ դատավորների թեկնածու առաջադրելու համար, նա նշեց. «Կարծես 2 ամիս էր տրամադրված, որ երկու ամսվա ընթացքում ներկայացնեն թեկնածու: Դեռ ժամանակ կա, չեմ կարծում, որ ժամանակն ավարտվել է, օգոստոսը վերջն էր առաջադրման, եթե չեմ սխալվում»:
Դիտարկմանը՝ Դուք նշեցիք, թե իրավաբանները խուսափում են գործ ունենալ այս իշխանությունների հետ, ինչպե՞ս են այդ դեպքում առաջադրելու, նա ասաց. «Այո, սա էլ օրինակ էր: Այդ մարդիկ, իրավաբանների մեծ մասը շատ լավ աշխատանք ունի, շատ լավ վարձատրվում են, երբ նրանց կանչում ես՝ դատավոր աշխատեն, նրանք ուզում են ինչ-որ առումով օգնեն հայրենիքին դրա համար են գալիս, նրանք որևէ այլ կերպ շահագրգռված չեն ո´չ ֆինանսապես, ո´չ այլ եղանակով, պարզապես ուզում են օգտակար լինել երկրի համար, մի հատ էլ, որ կողքից սկսում են անվանարկման գործընթացը այդ մարդիկ, բնականաբար, այլևս չեն փորձի օգտակար լինել ու կասեն ինչ կա, ավելի լավ է ես ոչինչ չանեմ, քան գամ որպես թեկնածու առաջադրվեմ ու իմ անունի հետ էլ խաղան: Դա շատ սխալ վարքագիծ է»:
Անդրադառնալով հարցին՝ ի վերջո իշխող ուժի ուզածն ի՞նչ է, մի կողմից առաջարկում են թեկնածու, մյուս կողմից անվանարկում են նրան, Սիմոնյանը ասաց՝ չի կարող ասել: Դիտարկմանը՝ շատ մասնագետներ նշում են՝ իշխանությանը պետք է հլու-հնազանդ դատավոր, նա պատասխանեց. «Միգուցե, բայց իրավաբանները, դատավորները չպետք է լուռ հնազանդ լինեն ու չպետք է քաղաքական դիրքորոշումներ ունենան կոնկրետ գործընթացների վերաբերյալ: Ես ենթադրում եմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ուզում են կոնկրետ դատավորներ կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ ունենան, բայց դա անընդունելի է»,- ասաց նա:










