Քաղաքապետարանում կադրային նշանակումներն ավելի անհաջող են լինելու. արհեստավարժ մասնագետները «քայլած չեն». Խաժակյանը՝ կադրային փոփոխությունների և հրաժարականների մասին
Քաղաքապետարանում կադրային փոփոխություններ դեռ շատ են լինելու, հատկապես՝ արտակարգ դրության ավարտից հետո, քանի որ ներսում տրամադրությունը խիստ անկայուն է և գնալով կադրային նշանակումները, կարծում եմ, ավելի անհաջող են լինելու: Մարդիկ 2018 թվականի ավարտին աշխատելու և ինչ-որ բան փոխելու տրամադրվածություն ունեին, սակայն ստացվում է, որ անգամ եղածը պահպանել չհաջողվեց, իսկ սա ապացույցն է այն բանի, որ պրոֆեսյոնալ մասնագետները հազիվ թե համաձայնվեն Հայկ Մարությանի հետ աշխատել, քանի որ նա պարզապետ չի թողնում պրոֆեսյոնալիզմ դրսևորել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսելով վերջին շրջանում քաղաքապետարանում իրար հաջորդող հրաժարականների մասին:
Խաժակյանը ներկայացրեց, որ վերջին շրջանում բազմաթիվ պաշտոնյաներ լքեցին իրենց պաշտոնը, առաջինը քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն էր, հետո քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը և հետո արդեն Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա նշեց, պատճառները, թերևս, բոլորինը տարբեր են:
«Այս երեք պաշտոնյաների հեռանալն ունի տարբեր պատճառներ, բայց երեքն էլ իրենց ոլորտներում առնվազն հաջողություն չեն արձանագրել, իսկ ոմանք նաև ձախողել են: Ինչ վերաբերվում է Մեսչյանին, ապա պետք է ասել, որ այն խոստումները, որոնք նա ներկայացնում էր, ցավոք, կյանքի չեն կոչվել և չարդարացված սպասումներով է նա հեռանում»,-ասաց Խաժակյանը:
Հարցին, թե որն է տրամաբանությունը, երբ Մեսչյանի հրաժարականի ֆոնին նա պարգևատրվում է 1.800.000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով, ավագանու անդամը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ տրամաբանությունը ես չեմ հասկանում, երևի՝ դա Հայկ Մարությանի առատաձեռնության նշանն էր, որը եղավ համայնքի հաշվին, որովհետև դժվար է պատկերացնել մի կառույց, որտեղ գնացող այն աշխատակիցը, որը մեծ հաշվով դրական արդյունք չի ապահովել, այդպիսի մեծ պարգևի է արժանանում»:
Իրար հաջորդող հրաժարականները ըստ Խաժակյանի՝ ևս տրամաբանություն չունեն, քանի որ կան վարչություններ, որոնք արդեն մեկ տարի է՝ ղեկավար չունեն, օրինակ՝ մայրաքաղաքի Տրանսպորտի վարչության պետ այսօր չկա, Իրավաբանական վարչության պետ ևս ամիսներ շարունակ չի նշանակվել, որը քաղաքի համար կարևոր պաշտոն է: Ըստ նրա՝ այս ամենը խոսում է սնանկ կադրային քաղաքականության մասին և կարելի է ասել, որ քաղաքում առկա է կադրային և կառավարման ճգնաժամ:
Դիտարկմանը, թե այս ամենը ո՞ւր է տանում, քանի որ կան ազատ մնացած պաշտոններ և դրանց թիվը ավելանում է, որը գուցե հանգեցնի քաղաքապետարանի կառավարման փլուզմանը, Խաժակյանը արձագանքեց. «Մեր դժբախտությունն այն է, որ, օրինակ, երբ Տրանսպորտի վարչության պետը հեռացավ, կարելի էր բերել նոր մասնագետի, սակայն իշխող ուժն ուզում է, որ համ իրենց մարդը լինի, համ էլ գոնե, որոշակի մասնագիտական ունակություններ ունենա, բայց երբ տեսնում են, որ այդպիսի մարդու չեն գտնում իրենց շրջանում, այսինքն պրոֆեսյոնալներն այսպես ասած «քայլած չեն», սպասում են և պաշտոնը ազատ են պահում այնքան, մինչև կհայտնվի մեկը, որն իրենց մարդն է և կարող է այդ պաշտոնը զբաղեցնել և հետևել Մարությանի հրահանգներին: Որևէ այլ բացատրություն չունի մեկ տարի շարունակ Տրանսպորտի վարչության պետ չնշանակելը»:
Հարցին, թե արդյոք նույն պատկերը կլինի նաև Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի հետ, ավագանին հիշեցրեց՝ ամառվա սկզբներին պաշտոնից հեռացավ ֆինանսական պատասխանատու փոխքաղաքապետը, որի պաշտոնը ևս մինչ այսօր բաց է, գլխավոր ճարտարապետը ևս ունի փոխքաղաքապետի կարգավիճակ՝ ճարտարապետական ոլորտում և նա տեղյակ չէ, թե արդյոք նոր թեկնածու կա, սակայն ըստ նրա՝ ով էլ լինի, կատարելու է Մարությանի հրահանգները:
«Շատ կարևոր մի հանգամանք կա, որ Մեսչյանը Հայկ Մարությանից նեղսրտած է հեռացել, քանի որ իր հրաժարականը ներկայացրել է այն ժամանակ, երբ Մարությանը արձակուրդում էր և Մեսչյանի ազատման դիմումը մակագրել է քաղաքապետի առաջին տեղակալը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Սա խոսում է նրա մասին, որ ով էլ գա, պետք է հնազանդ կատարի Մարությանի հրահանգները, հակառակ դեպքում, կստեղծվեն ոչ աշխատանքային պայմաններ»,- շեշտեց նա:
Խաժակյանը, խոսելով Հայկ Մարությանի հավանական հրաժարականի խոսակցությունների մասին, ասաց, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այն թույլ կտա, դա տեղի չի ունենա մոտ ապագայում։
Դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ քաղաքապետարանի համար կարևոր փոփոխությունների ժամանակ Հայկ Մարությանը արձակուրդում է գտնվում, «Լույս» խմբակցության անդամը պատասխանեց՝ ի՞նչ տարբերություն, թե Մարությանը արձակուրդում է, թե ոչ, քանի որ վերջին շրջանում Մարությանն առանձնապես չէր երևում, աշխատանք ևս չէր իրականացնում:
«Հիմա, երբ արձակուրդում է, նույն իրավիճակն է և հետևյալ պարագայում անիմաստ է քննարկել նա արձակուրդում է, թե ոչ, որովհետև միևնույն է՝ նրա մասնակցությունը հանրային կառավարման մեջ ձևական բնույթ է կրում: Երբ գալիս է ժամանակը, որ պետք է գնալ, նկարահանվել, մեկնաբանություններ տալ, որ իր գործում ձեռբերումներ են եղել, նա դա անում է, մնացած բոլոր դեպքերում իր աշխատանքի արդյունքն այն է, որ շատ կարևոր գործեր մնում են կուտակված և նա աշխատանքի հազվադեպ է գալիս, այն էլ մի քանի ժամով»,- ընդգծեց Խաժակյանը:










