Լիբանանցի քննիչները երկրի մաքսային ծառայության պետին ձերբակալելու հրաման են արձակել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով

18:36 • 17.08.20

Լիբանանցի քննիչները երկրի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերի համար ձերբակալման հրաման են արձակել՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալման հրամանն արձակվել է այն բանից հետո, երբ պաշտոնյան գործով ցուցմունք է տվել: Նշվում է, որ քննիչները մաքսային ծառայության պետին հարցաքննել են 4 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը Լիբանանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին, երբ նավահանգստի տարածքում, նախնական տվյալներով, բռնկվել էր ամոնիումի նիտրատի պահեստը, որտեղ շուրջ 2700 տոննա պայթյունավտանգ նյութ է եղել:

Ողբերգական միջադեպի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, հազարավորները՝ վիրավորվել, հարյուր հազարավորներն էլ մնացել են առանց տանիքի: Զոհերի թվում 13 հայ կա, որոնք Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին: Ավերածությունների հետևանքով ևս վնասվել են նավահանգստին մոտ բնակվող հայերի տները: Բեյրութի նահանգապետի խոսքով՝ քաղաքի վերակառուցման համար 12-15 մլրդ դոլար կպահանջվի: