«Լուկաշենկոյի «ռևերանսներն» ու խոստումները չեն հետաքրքրում. դրա ժամանակն անցել է». ընդդիմադիր գործիչը մեկնաբանել է Բելառուսի նախագահի՝ աջակիցների առաջ ծնկի գալու հայտարարությունը

14:06 • 17.08.20

Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Անդրեյ Դմիտրիևը հայտարարել է, որ ընդդիմությանը չի հետաքրքրում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծնկի իջնելը, գրում է ria.ru-ն:

«Չենք ընդունում ՆԳ նախարարի Յուրի Կարաևի ներողությունները, չունենք խորհրդարանի վերին պալատի խոսնակ Նատալյա Կոչանովայի բացատրությունների կարիքը, չեն հետաքրքրում Լուկաշենկոյի «ռևերանսներն» ու խոստումները. դրա ժամանակն անցել է»,-իր թելեգրամյան ալիքում գրել է  ընդդիմադիր գործիչը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի աջակիցների մինսկյան հանրահավաքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իր աջակիցների առաջ ելույթի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածներն արժանի են, որպեսզի ինքը նրանց առաջ ծնկի գա:

Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարը ստանձնել էր ցույցերի ժամանակ պատահական անցորդներին վնաս հասցնելու պատասխանատվությունը:

Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ 

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: