Չինաստանում տրվել է «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրը
Չինաստանի մտավոր սեփականության հարցերով պետական վարչությունը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրն է տրամադրել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթից:
Արտոնագիրը տրամադրվել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի ռազմաբժշկական գիտությունների ակադեմիային և CanSino Biologics ընկերությանը, որոնք համատեղ մշակել են «Քովիդ-19»-ի դեմ Ad5-nCoV պատվաստանյութը: Հունիսին այդ պատվաստանյութը հատուկ թույլտվություն էր ստացել երկրի տարածքում մեկ տարով զինվորական օգտագործման համար:
Կենդանիների վրա արված փորձարկումները ցույց էին տվել, որ պատվաստանյութը լավ իմունագենային հատկություն ունի և կարող է կարճ ժամանակահատվածում ինտենսիվ բջջային և հորմոնալ իմունային ռեակցիա առաջացնել օրգանիզմում:
Բացի այդ, նշվում է, որ պատվաստանյութն արագ և հեշտ է պատրաստվում, ինչը թույլ կտա ապահովել դրա զանգվածային արտադրությունը հանկարծակի բռնկման պարագայում:
Նշվում է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլը տեղի է ունեցել Չինաստանի տարածքում: Այն կարող է շուկայում հայտնվել տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
Չինաստանում արդեն վեց պատվաստանյութ հասել է կլինիկական փորձարկումների փուլին:










