Կորոնավիրուսը հաղթահարած Նոր Զելանդիայում համաճարակի նոր բռնկում է. խորհրդարանական ընտրությունները 1 ամսով հետաձգվել են
Նոր Զելանդիայի իշխանությունները կորոնավիրուսային համավարակի նոր բռնկման պատճառով մեկ ամսով հետաձգել են խորհրդարանական ընտրությունները, ինչի մասին տեղեկացրել է վարչապետ Ջասինդա Արդերնը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Արդերնն ասել է, որ որոշումը կայացվել է քաղաքական բոլոր ուժերի հետ խորհրդակցության արդյունքում:
Ավելի վաղ երկրի ընդդիմությունը հայտարարել էր, որ երկրի խոշորագույն քաղաքում համավարակի նոր բռնկման ու դրանով պայմանավորված սահմանափակումների և արգելքների ֆոնին ընտրություններ անցկացնելը ճիշտ և արդար չէ:
Այժմ սեպտեմբերի 19-ին նախանշված ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին:
Վարչապետի խոսքով՝ համավարակը դեռ երկար աշխարհին հանգիստ չի տալու, ուստի՝ ընտրությունների ամսաթիվն անընդհատ հետ գցելը սխալ է: Ըստ Արդերնի՝ ընտրությունները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ համաճարակային իրավիճակը քիչ թե շատ բարվոք է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Նոր Զելանդիան հունիսին հայտարարել էր կորոնավիրուսը հաղթահարելու մասին, սակայն այժմ երկրի խոշորագույն քաղաք Օքլենդում, որի բնակչությունը 1,5 մլն է, կրկին տասնյակ վարակակիրներ կան:
Քաղաքում կա 58 վարակված, և Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հիվանդության առաջացման աղբյուրը շարունակում է անհայտ մնալ:










