Քաղաքացիները երեխաների հետ զբոսանք են կազմակերպել ԱԺ այգում՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության

20:40 • 18.08.20

Ազգային Ժողովի այգում Ամուլսարի պահապաններն իրենց երեխաների հետ զբոսանք է կազմակերպել՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության, սակայն ոստիկանները  լրագրողներին, քաղաքացիներին և բնապահպան Լևոն Գալստյանին սկզբում չթույլատրեցին մտնել Ազգային Ժողովի այգի: Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը հաստատեց, որ Ոստիկանությունն իրենց արգելել է մտնել այգի:

«Ի վերջո պետք է Ոստիկանությունը բացատրի, թե ինչո՞ւ զբոսնելիս մեզ բերման ենթարկեցին, իսկ երեխաների մայկանների վրա ընդամենը գրված է «Save Amulsar»,- ասաց նա:

Ակտիվիստ Արման Ղարիբյանը անդրադառնալով ոստիկանության գործողութուններին՝ նշեց. «Ես մոտեցա, որ տեսնեմ՝ ինչի՞ լրագրողներին չեն թողնում, մի ոստիկանն սկսեց հրել, ասեց՝ դուրս արի, ասեցի՝ ինչի՞ համար, ասում է՝ բողոքի ակցիա ես անում, ասեցի՝ ինչից եմ բողոքում, չկարողացավ պատասխանել: Ես ձայնս բարձրացրեցի, ինքը հասկացավ, որ անօրինական է  իր արածը, մի կողմ անցավ:

Չգիտեմ ինչի են խուճապի մեջ ընկնում, երբ լսում են Ամուլսար բառը, ոստիկանությունը երևի ցուցում ունի, որ եթե Ամուլսարի հետ կապված որևէ բան է տեղի ունենում, փորձի արգելել: Այո, այս պահին տեղի ունեցողը Ամուլասարի հետ  կապ ունի, բայց մենք չենք բողոքում, մենք զբոսնում ենք ի համերաշխություն Ջերմուկում պայքարող մեր հայրենակիցների, և ցույց ենք տալիս, որ իրենք մենակ չեն»:

Հարցին, թե ի՞նչ փոխվեց, որ հետո լրագրողներին և ակտիվիստներին թույլ տվեցին ներս մտնել, Արման Ղարիբյանը ասաց. «Ինձ թվում է ինչ որ մարդիկ ուղիղ եթերով հետևում են՝ ինչ է կատարվում և տեսնելով, որ կատարվածը աբսուրդի է վերածվում և որպեսզի էլ ավելի ծիծաղելի իրավիճակում չհայտնվեն, ոստիկաններին հրահանգ տվեցին, որ լրագրողները և մյուսներն անարգել ներս մտնեն: Հատկապես երբ տեսնում են, որ մարդի պահում են սոցիալական հեռավորություն և նույնիսկ պաստառներ չկան, հակառակը անելը նմանվում է ծանր դիկտատորական ռեժիմին բնորոշ մթնոլորտի»: