Սլովակիայում Բելառուսի դեսպանը, որը դեսպաններից առաջինն էր իր աջակցությունը հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին, հրաժարականի դիմում է ներկայացրել
Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանից մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր հղել, որում աջակցություն էր հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին, գրում է tut.by-ն։
«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Դա տրամաբանական քայլ է, քանի որ որպես դեսպան՝ ես նշանակվել եմ գործող նախագահի կողմից, և ենթադրվում է, որ պետք է գործեմ նրա սահմանած քաղաքականության շրջանակում։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ հայտարարության մեջ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակներից»,- նշել է դեսպանը։
ԱԳՆ-ում պարզաբանել են, որ արտակարգ և լիազոր դեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է այն անձը, որը նրան նշանակել է, այսինքն՝ պետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օրերս Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան տեսաուղերձ էր հղել, որում աջակցություն էր հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին:
«Իմ հարյուրավոր հայրենակիցներն իրենց վրա են զգացել, որ իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ 21-րդ դարի հանդուրժող եվրոպական Բելառուսում լիովին վերականգնել են ՆԳԺԿ (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ավանդույթները»,- ասել էր Լեշչենյան:
«Սլովակիայում ես ներկայացնում եմ Բելառուսը և բելառուս ժողովրդին, որը, Սահմանադրության համաձայն, մեր երկրում իշխանության միակ աղբյուրն է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել բելառուսական քաղաքների փողոցներ խաղաղ երթերով, որպեսզի լսելի դարձնեն իրենց ձայնը»,- նշել էր դեսպանը՝ հույս հայտնելով, որ «իր երկրի ապագան հիմնված կլինի հասարակության բոլոր շերտերի և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումները հաշվի առնելու վրա»:
Իգոր Լեշչենյան Սլովակիայում Բելառուսի դեսպանն է 2016 թվականից:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ կրկին հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










