Տիխանովսկայայի շտաբում ուժայիններին պարգևատրելու մասին Լուկաշենկոյի հրամանագիրը «բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք» են որակել

14:51 • 18.08.20

Բելառուսի ընդդիմության միացյալ շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ուժայիններին պարգևատրելու մասին հրամանագիրը գնահատում է որպես բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք և քայլ դեպի «ոստիկանական պետություն», գրում է ria.ru-ն։

«Այսօր մենք լսել ենք, որ պարգևատրել են մոտ 300 ուժայինի։ Ես անձամբ դա գնահատում եմ որպես ամբողջ բելառուս ժողովրդի նկատմամբ վիրավորանք։ Բռնության և ագրեսիայի, մարդկանց մահվան այս շաբաթներից հետո պարգևատրում են այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել դրանում։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ քայլ է դեպի ոստիկանական պետություն։ Մենք մտադիր չենք հանդուրժել այդ փաստը»,- ասել է Կոլեսնիկովան «Եվրոռադիոյի» եթերում։

Նրա խոսքով՝ ընդդիմության ծրագիրն է շարունակել գործող իշխանության դեմ «խաղաղ դիմադրությունը» և «չհամաձայնել իշխանության նետած կտորների հետ»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչների «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրելու մասին։

Լուկաշենկոյի՝ օգոստոսի 13-ին ստորագրված հրամանագրով պարգևատրվել են 300-ից ավելի անձինք։ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածների թվում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Խազալբեկ Աթաբեկովը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Ձերբակալվել է մոտ 6,7 հազար մարդ։ Բելառուսի Գլխավոր դատախազության տվյալներով՝ մեկուսարաններում մնում է 130-ից պակաս մարդ, մնացածն ազատ են արձակվել։

Մոտ 700 մարդ բողոքել է ուժայինների լիազորությունների չարաշահումից։

Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։