Կանադան չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքներն ու կոչ է անում նոր քվեարկություն անցկացնել

01:25 • 18.08.20

Կանադայի կառավարությունը չի ճանաչում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ու կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել, հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյան:

«Մենք չենք ճանաչում այդ կեղծված ընտրությունների արդյունքներն ու կոչ ենք անում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ դատապարտում են Բելառուսում անցկացվող խաղաղ հավաքները ցրելու դեպքերը:

Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկյային աջակցելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 5-րդ անգամ՝ հավաքելով ձայների մոտ 80%-ը: Դրան հաջորդեցին բողոքի զանգվածային ցույցերը Մինսկում և այլ քաղաքներում՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականը, քանի որ, ըստ ընդդիմության և ցուցարարների, արդյունքները կեղծվել են: Բողոքի գործողությունները շարունակվում են մինչ այժմ: