Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերին՝ մոտ 150 դոլար արժեքով
Չինական Sinopharm դեղագործական ընկերության ինակտիվացված պատվաստանյութը շուկա կհանվի այս տարվա դեկտեմբերին՝ մոտ 150 դոլար արժեքով։ Ինչպես երեքշաբթի հայտարարել է ընկերության վարչության նախագահ Լյու Ցզինչժենը, դա հնարավոր կդառնա կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո, գրում է tass.ru-ն։
«Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո հնարավոր կլինի սկսել ինակտիվացված պատվաստանյութի գրանցումը։ Մեր հաշվարկներով՝ այս տարվա դեկտեմբերի վերջին այն կարող է հայտնվել շուկայում»,- հայտնել է նա։
«Մեր կանխատեսումների համաձայն՝ Պեկինի կենսապրեպարատների հետազոտական ինստիտուտը կարող է տարեկան արտադրել մինչև 120 մլն ինակտիվացված պատվաստանյութ, ևս 100 մլն-ը կարող է արտադրել Ուհանի կենսապրեպարատների ինստիտուտը (Wuhan Institute of Biological Products)», - հավելել է նա:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի մեկ ներարկման դեպքում պաշտպանությունը 97 տոկոս է, կրկնակի ներարկման դեպքում այդ ցուցանիշը բարձրանում է գրեթե 100%։ Պատվաստանյութի երկու ներարկումների արժեքը կկազմի 1 000 յուանից պակաս (մոտ 144 դոլար):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի մտավոր սեփականության հարցերով պետական վարչությունը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրն է տրամադրել:
Արտոնագիրը տրամադրվել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի ռազմաբժշկական գիտությունների ակադեմիային և CanSino Biologics ընկերությանը, որոնք համատեղ մշակել են «Քովիդ-19»-ի դեմ Ad5-nCoV պատվաստանյութը: Հունիսին այդ պատվաստանյութը հատուկ թույլտվություն էր ստացել երկրի տարածքում մեկ տարով զինվորական օգտագործման համար:
Կենդանիների վրա արված փորձարկումները ցույց էին տվել, որ պատվաստանյութը լավ իմունագենային հատկություն ունի և կարող է կարճ ժամանակահատվածում ինտենսիվ բջջային և հորմոնալ իմունային ռեակցիա առաջացնել օրգանիզմում:










