Սննդի օբյեկտներում մեկ սեղանի շուրջ կարող է նստել 8 անձ՝ նախկին 5-ի փոխարեն. փոփոխություն պարետի որոշման մեջ

17:07 • 18.08.20

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում նախկին հինգ անձի փոխարեն՝ սեղանի շուրջ կարող է գտնվել ութ անձ:

Հաճախորդների սպասարկման կանոնների վերաբերյալ պարետը սահմանել է, որ սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում, արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

Հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայվում են այնպես, որ տարբեր սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է նույն սեղանի շուրջ 8 հոգուց ավել անձանց ներկայությունը:

Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 30 քառ.մետրի հաշվարկով 15-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը: