Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն հայ քաղաքական ուժերի մեծագույն մասը` Արցախի հերոսներից սկսած, վերջացրած քաղաքական ուժերով, որ Արցախի ազատագրության համար արյուն են թափել․ Միհրան Հակոբյան

18:10 • 18.08.20

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս մեկնաբանում է Արցախում «Հայրենիք» կուսակցության անդամների հանդիպումների շուրջ մամուլում տարածվող լուրերը։ Հակոբյանը մասնավորապես գրել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն հայ քաղաքական ուժերի մեծագույն մասը`Արցախի հերոսներից սկսած, վերջացրած քաղաքական ուժերով, որ Արցախի ազատագրության համար արյուն են թափել: Գրառումը՝ ստորև․

«Պատկերացնու՞մ եք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեր, որ չի հանդիպելու ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանի քաղաքականությունը կասկածի տակ դնող հայ քաղաքական գործիչների հետ ու չհանդիպեր ԱԺ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Չե՞ք պատկերացնում չէ: Որովհետև չէր կարող նման բան լիներ: Այդ հանդիպումները լինում էին: Ի դեպ` շատ ջերմ և «աղ ու հացով»` հայ մարդուն վայել:

Իսկ պատկերացրեք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»:

Այսինքն` Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն հայ քաղաքական ուժերի մեծագույն մասը` Արցախի հերոսներից սկսած, վերջացրած քաղաքական ուժերով, որ Արցախի ազատագրության համար արյուն են թափել: Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս հայտարարությունը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանից ու նրա կցորդներից բացի պատրաստ է հանդիպել միայն Սոռոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի, ԼԳԲՏ համայնքի ու աղանդավորական կազմակերպությունների ղեկավարների հետ»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում «Հայրենիք» կուսակցության անդամների հանդիպումներին՝ գրել էր․

««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման թեմա դարձնել, ինտրիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել:

Ի պատասխան զլմ-ներում հրապարակումների և այդ առթիվ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի ու ֆեյսբուքյան նամակների՝ ընդգծում եմ, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին:

Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք » կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ:

Հ. Գ. Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»։