Երեխաները դասերին նստելու են դիմակներով, մեծ դասարանները կիսվելու են, բուֆետները չեն գործելու, դպրոցը լինելու է 6-օրյա․ Արայիկ Հարությունյան

21:13 • 18.08.20

Երեխաները դասերին նստելու են դիմակներով, մեծ դասարանները կիսվելու են, բուֆետները չեն գործելու, շաբաթական 5-օրյայի փոխարեն լինելու է 6-օրյա դպրոց: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դուք տեսնում եք, որ մենք զգալի սահմանափակումներ հանում ենք, ամբողջությամբ դասապրոցեսը վերականգնում ենք, ապահովում ենք աշակերտների մեծ հոսք դպրոցներ և տարրական հակահամաճարակային պայմանները պարտադիր պետք է պահվեն։ Հարցադրումներ են հնչում, թե դիմակների դեպքում ինչպես է լինելու, այստեղ մենք բոլորս պետք է աշխատենք և բացատրենք ծնողներին, աշակերտներին դիմակներ կրելու անհրաժեշտությունը»,- ասաց նախարարը։

Եթե դասարանները մեծ լինեն, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետք է կիսվեն, որպեսզի հնարավոր լինի դասարաններում ապահովել սոցիալական հեռավորությունը։

Հարցին, թե դասարանները խմբերի կիսվելու դեպքում դպրոցներում կա՞ն բավարար դասարաններ ուսումնական պրոցեսն իրականացնելու համար, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց․ «Այն դեպքում, երբ նման իրավիճակ է առաջանալու, մենք առաջարկել ենք երկհերթ անցկացնել, կրճատել առկա ուսուցմամբ դասընթացները և ավելի շատ առաջադրանքներ տալ աշակերտներին, սեղմել այնպես ծրագիրը, որ ավելի շատ տնային աշխատանքներ տրվեն, հետո դրանք ստուգվեն դասարանում»։

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ շաբաթական 5-օրյայի փոխարեն դպրոցները լինելու են 6-օրյա, իսկ բուֆետները չեն գործելու։