Այս պահին վերահսկողության լծակներ չկան. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Վիքիպեդիայի ադրբեջաներեն հատվածում Մխիթար Գոշի մասին հրապարակված ապատեղեկատվության մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վիքիպեդիայի ադրբեջաներեն հատվածում Մխիթար Գոշը ներկայացված է որպես Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի հայտնի գործիչ, որը հեղինակ է մեծ թվով առակների, հայտնի Դատաստանագրքի, ալբանական ժամանակագրությունների և միակ ագոգրաֆիկ գործի`«Գյանջալի Խոսրովի ցավալի կյանքը»:
Պարզելու համար՝ արդյոք նախարարությունը տեղյա՞կ է, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման ապատեղեկատվութունը հերքելու համար, Tert.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ: Վերջինիս խոսքով՝ իրենք կամ դիտավորյալ, կամ անգիտակցաբար Աղվանքը շփոթում են, կամ էլ այն հանգամանքը, որ Գոշը ծնվել է Գանձակում, իրենց իրավունք է վերապահել յուրացնելու. «Վիքիպեդիան երբեք որևէ լեզվով հավաստի չէ, և Վիքիպեդիայից օգտվելիս՝ պետք է վերապահումով վերաբերվել»:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ,Վիքիպեդիայից օգտվողներ կան, իսկ այսկերպ պատմությունը խեղաթյուրվում և իրենց օգտին է ներկայացվում, արդյո՞ք վերահսկման մեխանիզմներ հնարավոր չէ իրականացնել, Նարինե Խաչատուրյանը նշեց. «Բայց ադրբեջանցիները որ մի պատմությունը չեն խեղաթյուրել: Նորություն չէ դա: Իսկ քայլը պետք է այն լինի, որ դու ուժեղ լինես և քո գիտական կապերը աշխարհի հետ ուժեղ լինեն, ներկայացվածությունը համացանցում հնարավորինս շատ և ճշմարիտ լինի, հենված՝ փաստերի վրա: Հիմա, օրինակ, որ ուզեն ապացուցել, որ Գանձակը Ադրբեջան է եղել, ո՞նց են ապացուցելու, 900 տարի առաջ ոնց կարող էր այդպիսի բան լինել»:
Հարցին՝ նախարարությունը կարո՞ղ է պահանջել, այդ հրապարակումը հեռացվի, Նարինե Խաչատուրյանը նշեց, որ եթե դա պաշտոնական հայտարարություն լիներ, դա հնարավոր և անհրաժեշտ կլիներ անել, բայց Վիքիպեդիան լուրջ հաստատություն չէ. «Այս պարագայում ումի՞ց պահանջես, որ Վիքիպեդիայում այդ նյութերը խմբագրեն կամ շտկեն, այն լուրջ հաստատություն չէ»:
Հարցին՝ ԿԳՄՍ նախարարությունը ինտերնետային այլ հարթակում պատմական դեմքերի վերաբերյալ ապատեղեկատվությունը վերահսկելու մեխանիզմներ ունի՞, Խաչատուրյանը պատասխանեց, որ հսկողության և մոնիտորինգի համար ռեսուրսներ են պետք:
Նրա խոսքով`ճիշտ կլինի, որ բոլոր գերատեսչություններն ունենան վերահսկողության հնարավորություն և նման աղավաղումների ժամանակ անմիջապես արձագանքեն. «Այս պահին չկան լծակներ, այս ամենին հակադարձող լծակ կարող է լինել այն, որ մեր Վիքիպեդիան տարբեր լեզուներով սփռենք»:










