ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում երկակի ստանդարտներ են գործում․ աջակցություն ստանում են կազմակերպություններ, որոնք կայացած են. ստարտափի հեղինակ
«Ֆասթմեդ» ստարտափի հիմնադիր Գրիշա Կորկոտյանը բաց նամակով դիմել է Կառավարություն և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, նշելով, որ դիմել է Քովիդ 19-ի դրամաշնորհային ծրագրի համար, սակայն ԲՏԱ նախարարությունից ստացել է նամակ, որ մրցույթին մասնակցելու համար բավարար միավորներ չեն հավաքել, այնուհետև դիմել է նաև 17-րդ միջոցառման դրամաշնորհային մրցույթին մասնակցելու ակնկալիքով, սակայն կրկին տեղեկացրել ենք, որ միավորները բավարար չեն մրցույթին մասնակցելու համար:
Tert.am-ի հետ զրույցում Գրիշա Կորկոտյանն ասաց, որ մերժումը ստանալուց հետո կրկին դիմել է ԲՏԱ նախարարություն, որտեղից խոստացել են պատասխանել, իսկ Կառավարությունից դեռևս արձագանք չկա.
«Ցավալի է, որ ՏՏ ոլորտը առաջնահերթություն հայտարարած երկրում՝ երկակի ստանդարտներ են գործում, և աջակցություն ստանում են այն կազմակերպություններն, ովքեր կայացած են և բավականին մեծ շրջանառություն և հնարավորություն ունեն, իսկ այն ընկերություններն, որոնք կայացման փուլում են ու պետության կողմից աջակցության կարիք ունեն, նրանք չեն ստանում աջակցություն: Ընտրված կազմակերությունների մեծ մասը կայացած, տարիներով գործունեություն ծավալած, բազմաթիվ անգամ դրամաշնորհներ և ներդրումներ ստացած ընկերություններ են: Ստարտափ մրցույթներին էլ հիմնականում մասնակցում են նույն մարդիկ, ներկայացնում նույն ստարտափներն ու հայտնվում հաղթողի կարգավիճակում»:
Գրիշա Կորկոտյանը համոզված է, որ իրենց ներկայացրած ծրագիրը Քովիդի-19-ի պայմաններում բնակչության համար մեծ խնդիր է լուծում, քանի որ ծրագրի միջոցով քաղաքացին կարող է հավելվածի միջոցով փնտրել և գտնել իրեն անհրաժեշտ դեղորայքը և պատվիրել:
«Միգուցե Կառավարությունը իր տեսանկյունից այդ հարցում արդարացի է, աջակցութուն տալիս է այն կազմակերպություններին, որոնք արդեն կայացած են և կարդարացնեն ներդրումները, սակայն եթե առաջնահերթութուն է հայտարարվում ՏՏ ոլորտը և խրախուսվում է նորարարության իրագործումը պետք է նաև հնարավորություն տալ սկսնակ կազմակերպություններին, առավել ևս այն կազմակերպութուններին, որոնք այնպիսի պռոդուկտ են ստեղծում, որը հասարակության համար խնդիր է լուծում»,-ասաց նա:
Կորկոտյանը ընդգծում է՝ նախագիծը ստեղծվել է 2017 թվականից, սակայն համավարակի պայմաններում ակտիվացրել է առաքման ծառայությունը, որը հնարավորություն է տվել ինքնամեկուսացման վայրերում գտնվող և սահմանափակումների պատճառով տանը գտնվող քաղաքացիներին հեռախոսի հավելվածի միջոցով պատվիրել և ստանալ դեղորայքը:
Նա նշում է, որ ամիսներ առաջ ծրագրի իրագործման համար առանձին նամակ է ուղարկել վարչապետին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Առողջապահության նախարարին, սակայն պատասխան չի ստացել:










