Այս պահի դրությամբ «Իմ քայլը» չունի տեղեկություն՝ կառավարությունը ՍԴ դատավորի այլ թեկնածու ունի՞, թե՝ ոչ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

16:13 • 18.08.20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության և ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հանդիպման ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել հանդիպմանը և որ պատգմավորներն ուղղել են բոլոր այն հարցերը, որոնք իրենց հուզում էին, նաև հանրության շրջանում շրջանառվող որոշակի շեշտադրումները, որոնք մամուլում արծարծվել են, նույնպես ուղղվել են: Նա հավելեց, որ խմբակցությունն այլ մեկնաբանություն չունի:

Tert.am-ի հարցին՝ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի փոխարեն իշխանությունն այլ թեկնածու ունի՞, նա ասել էր՝ անհնար է համարում 80 ձայն ստանալը, իր հետ հանդիպումը ի՞նչ մթնոլորտում էր անցել, Մակունցը պատասխանեց. «Հանդիպումը անցել է այն մթնոլորտում, ինչ մյուս թեկնածուների հետ: Այսինքն, հնչել են տարբեր հարցեր, այդ թվում, հնչել են սուր հարցեր:

Հավանաբար, դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ կար այդպիսի տպավորություն: Ինչ վերաբերում է  կառավարության թեկնածուներին, այս պահի դրությամբ «Իմ քայլը» խմբակցությունը չունի որևէ տեղեկատվություն՝արդյոք կառավարությունն ունի թեկնածու, թե՝ ոչ»:

Դիտարկմանը՝ նույն քննադատությունը հնչում է նաև պարոն Խունդկարյանի հասցեին, որ նախկին իշխանությունների հետ է աշխատել և այլն, արդյոք հնարավոր է՝ վերջում ստացվի, որ ձայները չեն հերիքում, թե ՞իրեն կընտրեք, Մակունցը նշեց, որ պետք է արձանագրել, որ Ավետիսյանն ինքն է որոշել, որ չի ուզում, որ ԱԺ-ն դիտարկի իր թեկնածությունը:

«Այստեղ մենք անելիք չունենք, թեկնածուն իր որոշումը կայացրել է, մենք հարգում ենք իր որոշումը: Ինչ վերաբերում է պարոն Խունդկարյանին և պարոն Ավետիսյանին վերաբերող հարցերին, այնուամենայնիվ, այդ հարցրերը որքանով ընդհանրություն ունեին, որոշ չափով էլ տարբերվում են»,- ասաց նա:

Tert.am-ի այն հարցին էլ, որ մամուլում տեղեկություն կա՝ «Իմ քայլը» որոշել է պաշտպանել Խունդկարյանի թեկնածությունը, հավակնություններ կան, որ նա ՍԴ նախագահ կլինի, Մակունցն ասաց. «ՍԴ նախագահ դառնալու հետ կապված կամ ընտրվել չընտրվելու հետ կապված այս պահին որևէ բան հնչեցնել չեմ կարող, թեկնածուն պետք  է գա ԱԺ, լիագումար նիստին էլ կհնչեն հարցեր և պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ կորոշեն իրենց անելիքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: