Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հաղթանակի դեպքում ամերիկացիներին «ձանձրալի կյանք է սպասվում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգները կդառնա «ձանձրալի սոցիալիստական երկիր»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Մինեսոտա նահանգում ելույթի ժամանակ, գրում է USA Today-ը։
«Ոչ ոք չի ցանկանա ԶԼՄ-ներում լուսաբանել քնկոտ Ջոյին։ Մենք շատ ձանձրալի սոցիալիստական երկիր կդառնանք»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ դեմոկրատները իշխանության գալուց հետո լիովին կդադարեցնեն «ամերիկյան տնտեսության աննախադեպ վերականգնման» գործընթացը, իսկ նոր նախագահը ձախ ծայրահեղականների ձեռքում խամաճիկ կդառնա:
Իր ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարած տնտեսական քաղաքականությունը, որի վարչակազմի օրոք Բայդենը փոխնախագահ էր:
Թրամփը Բայդենին հաճախ է անվանում «քնկոտ»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 3-ին։










