Թրամփը հայտարարել է, որ այսօր ներում կշնորհի «շատ կարևոր մարդու»

09:52 • 18.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի ներում կշնորհի «շատ կարևոր մարդու»՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը, գրում է The New York Post-ը։

Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի կստորագրի «չափազանց կարևոր անձի» ներման մասին հրամանագիրը, բայց դա չի լինի ո՛չ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, և ո՛չ էլ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ լրջորեն կուսումնասիրի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հարցը՝ խոստովանելով, որ լավ ծանոթ չէ նրա պատմությանը։
 
«Ես կուսումնասիրեմ դա: Այդքան էլ Սնոուդենի հետ կապված իրավիճակին ծանոթ չեմ, սակայն մանրամասնորեն կուսումնասիրեմ այն»,- ասել էր նա լրագրողներին:

Ինչպես նշել է Թրամփը, ամերիկյան հասարակությունում Սնոուդենին ներում շնորհելու հարցի շուրջ վերաբերմունքը տարբեր է: Շատերը համոզված են, որ նրա հետ անարդար են վարվել:

Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013 թվականին The Washington Post և The Guardian պարբերականներին էր փոխանցել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գաղտնալսման ծրագրերի մասին: