Բելառուսական երկու քաղաքում տեղի են ունեցել ցույցեր՝ հաջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի

23:06 • 18.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցներն այսօր ցույցեր են անցկացրել Մոգիլյով և Գոմել քաղաքներում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Մոգիլյովի բնակիչները դուրս են եկել Լենինի անվան հրապարակ երկրի պետական դրոշներով և «Լուկաշենկոն մեր նախագահն է», ինչպես նաև այլ նմանօրինակ գրություններով պաստառներով:

Գոմելում ակցիայի մասնակիցներն իրենց հետ հրապարակ են բերել պետական դրոշը:

Կիրակի օրը Մինսկում ևս տեղի էր ունեցել Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը, որին 30 րոպեանոց ելույթով մասնակցել էր նաև նախագահը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մեկնարկել են ընդդիմության զանգվածային ցույցերը: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին ավելի քան 6700 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և հոսպիտալացվել: ՆԳՆ տվյալներով՝ նրանց թվում են իրավապահ մարմինների 120 աշխատակիցներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների երկու մասնակից մահացել է: