Գյուղացիները 1 հա-ի համար ծախսել են 200 000 դրամ, ակնկալելով, որ գոնե 400 000 եկամուտ կունենան, սակայն բերքի 80 %-ն արդեն փչացել է. ԼՀԿ պատգամավորներն այցելել են Ապարանի` կարկուտից տուժած բնակավայրեր
Վարդենիս և Չքնաղ գյուղերի վարսակի դաշտերում բերքի 80 տոկոսը վնասվել է: Այս մասին տեղեկացնում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսանյութից: Պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Կարեն Սիմոնյանն այցելել են Ապարան խոշորացված համայնքի կարկուտից տուժած Վարդենիս և Չքնաղ գյուղեր:
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանին գյուղացիներն ասել էին, որ Արագածում և նախկին Մռավյան համայնքներում հակակարկտային կայաններ կան, որոնք աշխատել են, և ամպերը հավաքվել են Վարդենիս և Չքնաղ գյուղերում:
«Վարդենիս և Չքնաղ գյուղերում սովորաբար կարկուտ չի լինում, այդ իսկ պատճառով այստեղ չկան հակակարկտային կայաններ, բայց կարծես թե արդեն դրա անհրաժեշտությունն է առաջանում: Մոտավորապես ընկույզի չափ կարկուտի հետևանքով ամբողջ բերքը փչացել է: Գյուղացիները մեկ հեկտարի վրա ծախսել են 200 հազար դրամ, ակնկալելով, որ գոնե 400 հազար եկամուտ կունենան, սակայն բերքի 80 տոկոսն արդեն փչացել է, ու իրենց ծախսերն անգամ չեն կարողանալու փակել»,- ասաց պատգամավորը:
Պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ ասաց, որ վնասվել են Չքնաղ, Թթուջուր և Ձորագյուղ համայնքների դաշտերն ու պտղատու այգիները:
«Այս պահի դրությամբ, պետք է հարցի համար որևէ լուծում գտնել ու փոխհատուցել գյուղացիների մինիմալ ծախսերը, և եթե հնարավորություն կա, օգնել ակնկալվող եկամտի մասով, բայց առաջնայինը, փոխհատուցել գոնե վնասը»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:










