Անընդունելի է, որ հայ կինը հացադուլ անի. Իսրայել Հակոբկոխյանը դուրս է եկել հացադուլից

14:55 • 18.08.20

Երևանի Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր դուրս է եկել հացադուլից։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

«Ես ու մի քանի այլ կանայք, այդ թվում նաև` «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, այցելել էինք Իսրայել Հակոբկոխյանին, հայտարարեցինք, որ մենք նույնպես միանում ենք հացադուլին, հենց այդ ժամանակ նա ասաց, որ իր համար անընդունելի է, որ հայ կինը հացադուլ անի և հայտարարեց, որ դուրս է գալիս»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Նրա խոսքով` Իսրայել Հակոբկոխյանն այս պահին տանն է: Հիշեցնենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել, և նրա հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների: