Իրանը գրոհայիններին գումար է վճարել Աֆղանստանում ամերիկացիների սպանության համար. The Guardian
Իրանը «Թալիբան» խմբավորման աջակիցներին գումարներ է վճարել Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի զինծառայողների սպանության համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ դրա հետևանքով անցած տարի տեղի է ունեցել հարձակման վեց դեպք, այդ թվում՝ Բաղրամում ամերիկյան ավիաբազայի ռմբակոծումը:
Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունը ստացել է ԱՄՆ-ի հետախուզությունը: Դեկտեմբերի 11-ին Բաղրամում տեղի ունեցած հարձակման համար Իրանը վճարել է թալիբներին աջակցող «Հաքանի» ցանցին, որի ներկայացուցիչները սպանել են երկու քաղաքացու, վնասվածքներ հասցրել ավելի քան 70 մարդու, այդ թվում՝ երկու ամերիկացու:
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի արձագանքին, ապա Պենտագոնը որոշել է պատասխան հարված չհասցնել՝ ցանկանալով պահպանել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և «Թալիբան»-ի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը: Սակայն հատկանշական է, որ Բաղրամի հարձակումից մեկ ամիս անց ԱՄՆ-ն անօդաչուի հարվածով Բաղդադում սպանել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Սակայն չի բացառվում, որ բարձրաստիճան իրանցի զինվորականի սպանությունը Բաղրամի հարձակման հետ կապ չունի:
Աղբյուրը հիշեցնում է, որ մոտ երկու ամիս առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ Ռուսաստանը թալիբներին գումարներ է վճարում Աֆղանստանում ամերիկացիների սպանության համար: Այն ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ հետախուզությունն իրեն նման տվյալ չի փոխանցել և որ դա կեղծիք է, մինչդեռ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին նախազգուշացրել է, որ «Մոսկվան այդ ամենի համար կարող է շատ մեծ գին վճարել»: Պենտագոնը խոստացել է ուսումնասիրել տեղեկությունը, սակայն առայսօր որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:










