ՍԴ բոլոր դատավորները մեզ համար ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու են՝ անկախ նրանից՝ մենք ենք ընտրել, թե՞ նախկինում ընտրվածները, որ շարունակում են պաշտոնավարել. Լուսինե Բադալյան (տեսանյութ)
Ընդհանուր առմամբ, տպավորությունները նորմալ էին, դրական, ինչպես և բոլոր թեկնածուների հետ, որ ժամանակի ընթացքում առիթ ունեցել ենք հանդիպելու: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության և ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հավելելով, թե այս պահին դժվար կլինի ակնարկել՝ որոշումն ինչպիսին է:
«Շատ ժամանակ նույնիսկ հարցերը չեն արտահայտում մեր դիրքորոշումը, որովհետև «Իմ քայլը» խմբակցության՝ բոլոր թեկնածուների հետ հանդիպումները շատ սուր են լինում, հիմնականում սուր հարցեր են լինում, որովհետև հենց դրանք են, որ մեզ կողմնորոշվելու հնարավորություն են տալիս՝ ինչպես է թեկնածուն կարողանում իրեն դրսևորել սուր հարցերի ժամանակ, ինչպես է պատասխանում, արդյո՞ք խուսանավում է, թե՞ պատրաստ է անկեղծ երկխոսության մեջ մտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս հանդիպումը մյուս հանդիպումներից չի տարբերվել, հարցերը սուր էին, պատասխանները՝ բավարար:
Պատգամավորը նշեց նաև, որ թեկնածուին ուղղված աղմկահարույց հարցեր ևս եղել են՝ կապված նրա քննած գործերի հետ:
Հարցին՝ հավակնություն տեսա՞ն, որ Խունդկարյանը հետագայում կարող է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, Բադալյանն արձագանքեց, թե այդ հարցը ևս տրվել է թեկնածուին: ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թերագնահատել պետք չէ. բոլոր այն հարցերը, որոնք հանրությանը կարող են հետաքրքրել, բոլոր թեկնածուներին՝ անկախ մեր վերաբերմունքից, տալիս ենք: Ամեն դեպքում ցույց չտվեց այդ հավակնությունները, նույնիսկ եթե կային, և ես դա շատ դրական եմ գնահատում, որովհետև բոլորն էր իրենց հոգու խորքում կարող են ցանկանալ լինել ՍԴ նախագահ, բայց, ի վերջո, ՍԴ դատավորները պետք է ընտրեն իրենց նախագահին, և սա հիմնականում լինում է շատ անկանխատեսելի»,-ասաց նա, ապա շարունակեց.
«ՍԴ բոլոր դատավորները մեզ համար ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու են՝ անկախ նրանից՝ մե՞նք ենք ընտրել, թե նախկինում ընտրվածները, որ շարունակում են պաշտոնավարել. նրանք էլ են պոտենցիալ թեկնածու: Մեր քվեարկության արդյունքում ընտրված ցանկացած թեկնածու կարող է ՍԴ նախագահ ընտրվել, դրա համար են մեր հարցերը մանրակրկիտ»:
Հարցին՝ «Իմ քայլը»-ի և Խունդկարյանի մոտեցումներում խիստ տարբերվող տեսակետներ եղե՞լ են, պատգամավորն արձագանքեց, թե Խունդկարյանը իրավաբանին հատուկ զգուշավորությամբ է պատասխանել հարցերին: «Ես սա չեմ ասում բացասական առումով, որովհետև կարծում եմ, որ բոլոր լավ իրավաբանները միշտ չափազանց կշռադատված են իրենց խոսքում, և էմոցիոնալ որևէ բան չի լինում: Պարոն Խունդկարյանը դրա յուրահատուկ օրինակն է: Ասել, թե մոտեցումներում եղել են խիստ տարբերություններ, ես չեմ նկատել:
Հիմնականում նորմալ, միջին, չափավորված խոսք: Միևնույն ժամանակ, աշխատանքը և քայլերն են ապացուցում մարդու դիրքորոշումը, որովհետև բոլորս էլ ինչ ասես կարող ենք խոսել, բայց գործի մեջ, հնարավոր է, չկարողանանք իրագործել»,-ասաց նա՝ նշելով նաև, որ հանդիպումը վաղ է կայացել, որ որոշում կայացնելու ժամանակ ունենան:
Ինչ վերաբերում է Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թեկնածությունից հրաժարվելուն, Բադալյանը նշեց, թե Ավետիսյանը՝ որպես պատճառ, նշել էր իշխանական խմբակցության բացասական դիրքորոշումը. «Բայց ես պետք է հավատացնեմ, որ քանի որ քվեարկությունը գաղտնի է և փակ, նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող կանխատեսել, թե պատգամավորները ի վերջո ինչպես կքվեարկեն, որովհետև միշտ էլ կա ինտրիգը»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլոր թեկնածուների հետ ունեցած երկխոսությունները որևէ բանով չեն տարբերվել Ավետիսյանի հետ ունեցած երկխոսությունից:










