Ուկրաինայում քաղաքապետերից մեկը Զելենսկուն իր ձայնը լսելի դարձնելու համար նախագահական նստավայրի մոտ է գիշերել (լուսանկարներ)

13:49 • 18.08.20

Ուկրաինական Ուման քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Ցեբրիյը Կիևի կենտրոնում գտնվող նախագահական նստավայրի առաջ՝ քնապարկում է գիշերել, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ցեբրիյը այս կերպ հույս է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկու մոտ հասիդների ուխտագնացության հետևանքով առաջ եկող վտանգների հարցը բարձրացնել։ 

Քաղաքապետի խոսքով՝ նա դեմ է կարանտինի ընթացքում կորոնավիրուսի առումով «կարմիր գոտիներից» օտարերկրացիների՝ իրենց քաղաք ժամանելուն։ Նրա խոսքով՝ այս ընթացքում Ուման արդեն 300-400 ուխտագնաց է հասցրել այցելել, ինչը կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ 

«Քաղաքապետին բարկացրել է այն, որ սահմանին մարդկանց մոտ կորոնավիրուսի առկայությունն անգամ չեն ստուգում։ Իսկ հիմա որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ հրեական Նոր տարին՝ Ռոշ Հաշանան, Ումանում անվտանգ կարող է անցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Քաղաքապետ Ցեբրիյը պատմել է նաև, թե ինչպես է գիշերը նախագահի գրասենյակի մոտ անցկացրել։ 

«Գիշերը մոծակ կծեց, իսկ ընդհանուր ամեն ինչ նորմալ է։ Նախագահի գրասենյակից որևէ մեկը դուրս չեկավ, չշփվեց հետս։ Այսօր էլ եմ այստեղ մնալու»,- նշել է քաղաքապետը։