ԱՀԿ ղեկավարը կոչ է արել բոլոր երկրներին միանալ պատվաստման COVAX գործընկերային ծրագրին

17:47 • 18.08.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին միանալ COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման դեպքում դրանով բոլոր պետություններին արդար կերպով ապահովելն է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ բոլոր երկրներին մեխանիզմին միանալու խնդրանքով նամակներ է ուղարկել։ 

«COVAX համաշխարհային մեխանիզմը պատվաստանյութով ապահովման և ռիսկերի հակազդման համար շատ կարևոր է, այդ պատճառով էլ այսօր COVAX մեխանիզմին միանալու կոչով նամակ եմ ուղարկել բոլոր երկրներին»,- նշել է նա։ 

Գլխավոր տնօրենը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո ձեռնարկվելիք համատեղ գործողությունների ռազմավարության մասին է խոսել։ Նշվում է, որ առաջին փուլում չափաբաժինները համամասնորեն և միաժամանակ COVAX մեխանիզմի մասնակից բոլոր երկրներին կտրվեն՝ համընդհանուր ռիսկի նվազեցման համար։ Երկրորդ փուլում դեղամիջոցները տրամադրվելու են պետություններում համաճարակաբանական իրավիճակի և «վտանգի ու խոցելիության» հիման վրա։ 

Երկրների մեծ մասի համար առաջին փուլը հիմնված է լինելու բնակչության 20 տոկոսի՝ առավել խոցելի խմբերի պատվաստման վրա։ Խոսքը 65 տարեկանից բարձր անձանց և այլ հիվանդությունների հետևանքով թույլ առողջություն ունեցողների մասին է։ 

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ աշխարհին COVID-19-ի համավարակի հարցի լուծման համար համերաշխություն է անհրաժեշտ։ Ղեբրեյեսուսը հիշեցրել է, որ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես անհրաժեշտ կլինի արագ «միլիարդավոր չափաբաժիններ արտադրել ու դրանց կարիքն ունեցող երկրներին հասցնել»։