Սպիտակ տունը Թրամփի օրոք վերածվել է «քաոսի էպիկենտրոնի». Բիլ Քլինթոն

11:28 • 19.08.20

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (1993-2001 թթ.) հայտարարել է, որ Սպիտակ տունը ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օրոք վերածվել է քաոսի էպիկենտրոնի: Նախկին նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ, որն անցկացվում է Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ)՝ վիրտուալ ռեժիմով, գրում է Politico-ն։

Քլինթոնը քաոսի հետ է համեմատել հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության տարիները՝ նրան մեղադրելով պետության հետևողական կառավարման ձախողման համար։

«Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում աշխարհում։ Սակայն մենք միակ խոշոր արդյունաբերական զարգացած տնտեսությունն ենք, որտեղ գործազրկության մակարդակը եռապատկվել է։ Եվ մինչ Սպիտակ տան օվալաձև կաբինետը պետք է դառնար հրամանատարական կենտրոն, դրա փոխարեն այն փոթորկի էպիկենտրոնի է վերածվել»,- նշել է Քլինթոնը։

Նա անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում «Թրամփի վարչակազմի անկարողությանը»։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի 25 տոկոսը:

«Դուք ճիշտ մարդ եք ընտրել, եթե ձեզ անհրաժեշտ է նախագահ, որն իր աշխատանքը համարում է ժամերով հեռուստացույց դիտելը և սոցիալական ցանցերում մարդկանց զրպարտելը»,- նկատել է նա։

Նրա կարծիքով՝ Թրամփը շարունակաբար և վճռականորեն շարունակում է «չճանաչել իր պատասխանատվությունը և մեղքը բարդել ուրիշի վրա»։

«Դեմոկրատների թեկնածուն միանգամայն այլ նախագահ կլինի․ գործունյա, հանձնարարված աշխատանքը կատարող անձ։ Մեր ընտրությունը Ջո Բայդենն է»,-հավելել է Քլինթոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նախագահի թեկնածու է առաջադրել։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով վիրտուալ ձևաչափով անցկացվող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ տարբեր նահանգներից ու երկրի շրջաններից կուսակցական պատվիրակությունները հայտնել են իրենց փրայմերիզների արդյունքները, ըստ որոնց՝ Բայդենի օգտին քվեարկած պատվիրակների թիվն ամենամեծն է եղել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները նախատեսված են այս տարվա նոյեմբերի 3-ին: