«Աշխարհը վերջին երկու տարիներին զուր ժամանակ է վատնել՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով կլիմայական ճգնաժամը կանգնեցնելու համար». Գրետա Թունբերգ

17:02 • 19.08.20

Շվեդ էկո-ակտիվիստուհի Գրետա Թունբերգը վստահ է, որ աշխարհը վերջին երկու տարիներին զուր ժամանակ է վատնել՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով կլիմայական ճգնաժամը կանգնեցնելու համար, գրում է The Guardian-ը։

«Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է ասել, որ շատ բան է տեղի ունեցել։ Միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, և 2019 թվականի նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանը կլիմայական և էկոլոգիական արտակարգ իրավիճակ է հայտարարել»,- ասել է Թունբերգը The Guardian-ի համար հոդվածում, որտեղ տեղ են գտել նաև մի շարք այլ ակտիվիստների ակնարկները։

«Սակայն վերջին երկու տարիների ընթացքում աշխարհում նույնպես արտանետվել է ավելի քան 80 մլրդ տոննա ածխաթթու գազ։ Մենք ականատես եղանք չդադարող բնական աղետների, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Մենք կորցրել ենք բազմաթիվ կյանքեր և ապրուստի միջոցներ, և սա միայն սկիզբն է»,- ասել է Թունբերգը։

Ակտիվիստների խոսքով՝ առաջնորդները խոսում են «էքզիստենցիալ ճգնաժամի» մասին, բայց «երբ խոսքը վերաբերում է գործողություններին, մենք դեռևս ժխտման փուլում ենք»:

«Փաստորեն, մենք քաղաքական անգործության պատճառով կորցրել ենք ևս երկու վճռորոշ տարի»,- պարբերականին հայտնել է Թունբերգը։