«Մենք միայնակ չենք, եթե կարծում եք՝ այստեղ իշխանությունը սասանվել է, սխալվում եք»․ Լուկաշենկո

15:00 • 19.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում գործող իշխանությունն ապավինող ուժ ունի։ Այս մասին նա հայտարարել է մարզերի ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է «Բելտա» գործակալությունը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ իշխանությունը միայնակ չէ։

«Մենք բացարձակապես միայնակ չենք»,- ասել է նա:

Օրերս երկրում տեղի են ունեցել հանրահավաքներ՝ ի պաշտպանություն գործող իշխանությունների, որոնց մասնակցել են շուրջ 100 հազար բելառուսներ։

«Ես շատ լավ տեղյակ եմ այդ ակցիաների մասին։ Մարդիկ հայտարարում էին իրենց դիրքորոշումը։ Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այստեղ իշխանությունը սասանվել է, սխալվում եք։ Եվ ուզում եմ ասել, որ իշխանությունն ունի մարդիկ, որոնց կարող է ապավինել։ Այդ պատճառով մենք չենք դողա։ Մենք մեր ճանապարհը կանցնենք այնպես, ինչպես պետք է», -ընդգծել է Բելառուսի նախագահը։

«Նրանք, ովքեր այսօր, հատկապես արտասահմանում սրում են իրադրությունը, լուրջ հակահարված կստանան։ Արդեն Գրոդնոյում լեհական դրոշներ են փակցնում։ Դա անթույլատրելի է։ Եվ նման բաները կտրուկ կկանխվեն»,- հավելել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:

Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։