Ապրիլյանի սկսվելու պահին ինքնաթիռում էի, և ինձ զեկուցել են, որ գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը․ նույնիսկ ծիծաղելի է ասել, որ պաշտպանվելու ուղիղ հրաման չի եղել․ Ս․ Սարգսյան
Ռազմական գործողությունները սկսվելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան, և ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
«Եվ այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը։ Այսինքն` ի՞նչ հրամանի մասին է խոսքը։ Առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը։ Որևէ, այսպես ասած, պաշտպանվելու ուղիղ հրաման, նույնիսկ ծիծաղելի է, որ չի եղել, այդպիսի բան չէր կարող լինել»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին։
Հարցին, թե ինչու է որոշվել ասուլիսը կազմակերպել «Հարսնաքար» համալիրում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին ինչ-որ շահարկումներ անել, քննադատել, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունն այդ հնչող քննադատություններից։ Իհարկե, մենք շատ լավ հիշում ենք ողբերգությունը, որ տեղի է ունեցել այս հատվածներում։ Բայց նաև հիշում ենք, որ այդ ողբերգությունն ունեցավ նաև քաղաքական հետևանքներ, տեղի ունեցավ հրապարակային դատավարություն։ Արդյոք համարո՞ւմ եք, որ եթե մի տեղ ողբերգություն է տեղի ունեցել, ապա այդ տեղի վրա պետք է խաչ քաշել, ես այդպես չեմ համարում»։










