Թրամփը նախագահական ընտրություններում հաղթելու իր և դեմոկրատ Բայդենի շանսերը գրեթե հավասար է գնահատել

09:48 • 19.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համեմատելով նախագահական ընտրություններում հաղթելու իր և դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի շանսերը, եկել է այն եզրակացությանը, որ դրանք գրեթե հավասար են: Այս մասին նա հայտարարել է նախօրեին Արիզոնա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է tellerreport.com-ը։

«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի ձայնը, քանի որ նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կլինեն գրեթե հավասար հնարավորություններ: Ես միշտ ենթադրել եմ, որ կլինեն գրեթե հավասար շանսեր»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Բացի այդ, Թրամփը կոչ է արել ընտրողներին ուշադիր և զգույշ լինել քվեարկության ժամանակ:

«Ես ուզում եմ ասել, որ չհիվանդանաք, ուշադիր և շատ զգույշ լինեք։ Զգույշ եղեք ձեր քվեաթերթիկների հետ»,- նախազգուշացրել է պետության ղեկավարը:

Թրամփը նաև հայտարարել է, որ ընտրությունների օրը կդառնա «ձեր կյանքի ամենակարևոր օրը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են այս տարվա նոյեմբերի 3-ին: