Կալիֆոռնիայում սաստիկ շոգի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են սպասվում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում սաստիկ շոգի պատճառով երկուշաբթի նախատեսվում էր մինչև մեկ միլիոն տուն ու ձեռնարկություն հոսանքազրկել՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումների շրջանակում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ անջատումների նպատակը շոգի հետևանքով նահանգի էլեկտրական ցանցի վրա ճնշման թուլացումն է։
Նշվում է, որ կայծակի, մեղմ քամիների և օդի բարձր ջերմաստիճանի պատճառով նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել նաև անցած հանգստյան օրերին։
Կալիֆոռնիայի անկախ համակարգային օպերատոր ընկերությունը (Independent System Operator) հայտնել է, որ հնարավոր է, որ կոմունալ ծառայություններին կարգադրի էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել, քանի որ օրվա ամենաշոգ ժամերին տների հովացման համար մարդիկ չափազանց շատ էլեկտրաէներգիա են օգտագործում, ինչը ցանցերը ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում ապահովել։
Նշվում է, որ նահանգում 20 տարվա մեջ առաջին լուրջ անջատումներն անցած ուրբաթ ու շաբաթ են եղել․ տեղի երեք ամենախոշոր կոմունալ ծառայությունները ստիպված են եղել ավելի քան 410 000, այնուհետև՝ 200 000 տուն ու ձեռնարկություն հոսանքազրկել։
Հայտնի է, որ Կալիֆոռնիայում օրերս օդի ջերմաստիճանը հասել է 43.3 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։










