Հս. Կորեան մոտ 60 միջուկային ռումբ և մինչև 5000 տոննա քիմիական զենք ունի․ ԱՄՆ ռազմական զեկույց
ԱՄՆ բանակի «Հյուսիսային Կորեայի մարտավարությունը» վերնագրով զեկույցի համաձայն, որը հրապարակվել է նախորդ ամիս, Հյուսիսային Կորեան մոտ 60 միջուկային ռումբ և մինչև 5000 տոննա քիմիական զենք ունի, գրում է Daily Mail պարբերականը։
«Գնահատելով հյուսիսկորեական միջուկային զենքի պաշարները՝ երկիրը 20-ից 60 ռումբ ունի՝ ամեն տարի նման վեց նոր զենք արտադրելու հնարավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փորձագետները կարծում են, որ մինչև այս տարվա վերջ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային ռումբերի թիվը 100 միավորի հասցնել։
Զեկույցում նշվում է, որ քիչ հավանական է, որ երկիրը երբևէ կհրաժարվի իր պաշարներից՝ հավելելով, որ դրանք օգտագործում է որպես զսպող միջոց: Միջուկային զենքի նման պաշարները Փհենյանին անհրաժեշտ են այլ պետությունների կողմից ռեժիմի փոփոխության սպառնալիքի դեպքում կիրառման համար: Նշվում է, որ այդ դեպքում ԿԺԴՀ-ն կարող է նաև քիմիական զենք օգտագործել:










