ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը

11:44 • 19.08.20

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունը Եվրոպայում խաղաղության և անվտանգության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով էստոնական արտգործնախարարության մամուլի ծառայությանը։

Էստոնիան ներկայացնող արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն իր ելույթում խոր անհանգստություն է հայտնել բելառուսական իշխանությունների կողմից խաղաղ ցույցերի ճնշման նպատակով ուժի կիրառման առնչությամբ։ 

«Անվտանգության խորհուրդը պարտավոր է կանխել բռնի կոնֆլիկտները։ Այդ պատճառով էլ մեր պարտքն է նախօրոք զգուշացնելը և իրազեկվածության մակարդակը բարձրացնելը։ Տեսել ենք, թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում, երբ ոչ ազատ ու անարդար ընտրությունները տապալվում են, և մարդկանց արդարացված դժգոհությունն ուշադրության չի արժանանում»,- Ռեյնսալուի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Նախարարն ընդգծել է, որ Բելառուսի գործերին արտաքին միջամտությունը սպառնում է խաղաղությանն ու անվտանգությանն ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ 

«Էստոնիան շարունակելու է ուշի-ուշով հետևել Բելառուսում զարգացող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տարբեր և ամենահարմար միջոցներով Անվտանգության խորհրդի ուշադրությունն ուղղելու է դրան»,- հավաստիացրել է արտգործնախարարը։ 

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։