Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում վարակի թվերի անկմանը, բայց եթե ճիշտ չարձագանքենք, ապա արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին. վարչապետ
Համեմատելով կորոնավիրուսի նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել, որն ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը, կարծես թե, դադարել է: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք:
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ ՀՀ վերադարձող քաղաքացիների թիվը՝ ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը: Պետք է ակնկալենք, որ եթե նույնիսկ անկում էլ լինի, մենք դժվար թե կարողանանք կտրուկ անկում արձանագրել, սակայն առնվազն այս վիճակն ու կառավարելիության նման վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք»,-ասաց նա:
Անդրադառնալով բուժօգնության կազմակերպմանը՝ Թորոսյանն ասաց, թե իրավիճակը մնում է թեթև և ավելի քան կառավարելի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրենց քաղաքականությունը մնում է նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, սակայն քաղաքացիները պետք է պահպանեն կանոնները՝ չվարակվելու համար:
«Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, և իմ տպավորությունն այն է, որ անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից մի փոքր ավելի ենք թուլացրել: Ես մեր իրավիճակը շարունակում եմ համարել խնդրահարույց»,-նշեց նա՝ կարևորելով դիմակի կրումը:
Վարչապետն ընդգծեց՝ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այն ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն: «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Մենք գիտենք, որ 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք են լինելու։ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց վարչապետը։










