Միացյալ Նահանգները մեկ ամսից կվերականգնի պատժամիջոցները Իրանի նկատմամբ

05:31 • 20.08.20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կծանուցի, որ Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում, հաղորդում է ТАСС-ը:

ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ Անվտանգության խորհրդին ծանուցելուց 30 օր անց պատժամիջոցների մի մասը կվերականգնվեն, այդ թվում՝ ուրանի հարստացմանն առնչվող ցանկացած գործողություն սահմանափակելու պահանջը:

Միացյալ Նահանգները որոշել է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, քանի որ օրեր առաջ ՄԱԿ ԱԽ-ում Իրանի նկատմամբ մինչ այժմ գործած զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ամերիկյան բանաձևը, բավարար թվով ձայներ չստանալով, չէր ընդունվել: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն այժմ այլ ճանապարհով է փորձում կոմպենսացնել Անվտանգության խորհրդում բանաձևի չընդունումը: