Պահանջում ենք չեղյալ համարել Լիդիանին տրված փորձագիտական դրական եզրակացությունը. Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցները վարչապետին ուղղված նամակ հանձնեցին Կառավարության ներկայացուցչին
Կառավարության դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողների մոտ իջավ Կառավարության ներկայացուցիչը և վերցրեց նրանց նամակ-պահանջը՝ ուղղված Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մինչ այդ ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը կարդաց նամակը: Նամակում նշված էր, որ կարիք չեն տեսնում կրկնել Ամուլսարի շուրջ վերջին առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները Հայաստանի և մասնավորապես Վայոց Ձորի մարզի էկոլոգիայի, ջրային պաշարի, տնտեսության տարբեր ճյուղերի վրա բացասական ազդեցությունների վերաբերյալ:
«Մենք հիմք ենք ընդունում անցած տարի «Էլարդ» միջազգային փորձագիտական ընկերության զեկույցը, որը պատվիրել էր ՀՀ-ն: Զեկույցում հստակ մատնաշվում է, որ Լիդիան ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ և տրամադրած փաստաթղթերի հիման վրա հնարավոր չէ եզրակցություն տալ, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ: Կառավարությունից պահանջում ենք՝ 2016 թվականին տրված փորձաքննական դրական եզրակացությունը չեղյալ համարել: Որևէ այլ միջանկյալ գործողություն, որի հիմքով այս ծրագրի կյանքը կերկարացվի, կլինի ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային փորձաքննություն անցկացնելու խոստման կոպիտ խախտում»,-ասված էր նամակում:
Լևոն Գալստյանը նշեց, որ խոստումը կատարելու փոխարեն ոչինչ չարվեց, սառեցվեց ծրագիրը, դրանից հետո մեկուկես տարի ամբողջ բեռը մնաց տեղի բնակիչների և քաղաքացիների ուսերին, որոնք խափանեցին այդ ծրագրի շարունակությունը:
«Մենք պահանջում ենք կատարել այդ խոստումը, որ տրվել է ՀՀ քաղաքացիներին»,- հավելեց նա:
Նամակը հանձնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով գնացին Շրջակա միջավայրի նախարարության շենքի մոտ, ակցիան շարունակվում է այնտեղ։










