«Մոծակները սոցիալական հեռավորություն չեն պահում և դիմակ չեն կրում»․ Բիլ Գեյթսը «հիշեցրել է» համավարակի պատճառով մոռացված վտանգավոր հիվանդության մասին
Համավարակի պայմաններում տարբեր երկրների առողջապահության համակարգերի գերծանրաբեռնվածության պատճառով մարդկության համար ավելի բարդ է դարձել պայքարել մալարիայի տարածման դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում:
Վերջինս նշել է, որ մալարիան տարածող մոծակները «շունչ չեն քաշել» «Քովիդ-19»-ի հետ կապված իրավիճակի ֆոնին:
«Մոծակները սոցիալական հեռավորություն չեն պահում և դիմակներ չեն կրում»,- գրել է ամերիկացի գործարարը: Նրա խոսքով՝ շատ երկրներում «Քովիդ-19»-ի գագաթնակետը, հավանաբար, վրա է հասնում մալարիայի տարածման ծաղկուն շրջանում:
Գործարարը նշում է, որ Արևմտյան Աֆրիկայում 2014 թվականին «Էբոլա» տենդի բռնկման ժամանակահատվածում այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են մալարիան, տուբերկուլյոզը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ավելի շատ մահերի են հանգեցրել, քանի «Էբոլան»:
Գեյթսը մատնանշել է, որ համավարակի պատճառով բազմաթիվ աֆրիկյան երկրներում խնդիրներ են ի հայտ եկել հակամալարիական ցանցերի և դեղամիջոցների մատակարարման հետ կապված:










