Դասապրոցեսի ընթացքում դիմակի կրումն անհարմարություն է պատճառելու նաև ուսուցչին․ դժվար է դիմակով դաս վարելը, հատկապես, երբ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասարաններում շոգ է լինում․ Սերոբ Խաչատրյան
Ես կարծում եմ, որ հիմա առանց հապաղելու առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունները պետք է ասեն, թե դպրոցում դիմակի կրումը տարբեր տարիքի և առողջական խնդիրներ ունեցող երեխայի համար ի՞նչ ռիսկեր է առաջացնում, կամ ի՞նչ պարբերականությամբ դիմակը պետք է փոխել, սրանք բժշկական հարցեր են, որոնք պետք է հստակ պարզաբանվեն. Tert.am-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ երեխաները դասերին մասնակցելու են դիմակով:
Փորձագետի խոսքով, երբ որևէ որոշման վերաբերյալ հայտարարությունից հետո պարզաբանումները հստակ չեն տրվում, տարբեր մեկնաբանություններ և տեսություններ են ստեղծվում, և հետո մեղադրում են ծնողներին, ուսուցիչներին, թե ինչո՞ւ են նման դավադրություններ ստեղծվել:
Դիտարկմանը, թե համացանցում ծնողների շրջանում քննարկումներ եղան, որ դիմակի կրումը խնդիր է առաջացնում երեխայի հարմարավետության և դասապրոցեսին կենտրոնանալու համար, կրթության փորձագետը նշեց, որ դիմակի կրումը դասապրոցեսի ընթացքում նեղություն և անհարմարություն է պատճառելու նաև ուսուցչին, քանի որ դժվար է դիմակով դաս վարելը, հատկապես, երբ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դասարաններում շոգ է լինում և դիմակը կարող է քրտնեցնել, սակայն այս հարցերին պետք է մասնագիտական պատասխաններ տրվեն:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է դիմակներով իրականացվի դասապրոցեսը, որպեսզի վարակի տարածումը նվազեցվի, Սերոբ խաչատրյանը նշեց, որ ներկա պայմաններում խնդիրները շատ են, պետք է շատ հարցեր դեռևս քննարկվեն.
«Հայաստանի դպրոցներում չկա տաք ջուր, կա ծորակների խնդիր, ո՞վ է ախտահանող նյութերով ապահովելու, արդյո՞ք բավարար չափով կտրամադրվի այդ նյութերը, թե խնայողաբար, այս բոլոր հարցերին պետք է հստակ պատասխանել»:
Իսկ ինչ վերաբերում է 6-օրյա գրաֆիկին, փորձագետի կարծիքով, դասաժամերը կրճատվելու են, և երեխաները գուցե դպրոցում մնան քիչ ժամանակով, բայց այդ մասին դեռևս հստակ պարզաբանում չկա:










