ԱՄՆ-ում «Պիրամիդ» կոչվող լիճը 10 տարին մեկ փիրուզագույն է դառնում՝ բնական երևույթի հետևանքով (լուսանկարներ)

23:54 • 20.08.20

ԱՄՆ Նևադա նահանգում գտնվող «Պիրամիդ» (Pyramid) կոչվող լճում 7-10 տարին մեկ ծաղկում են ջրիմուռները: Բնական երևույթի ազդեցությունն այնքան նկատելի է դառնում, որ ջրի մուգ կապույտ երանգը վերածվում է վառ փիրուզագույնի:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, այս երևույթը ստացել է «սպիտակեցում» անվանումը: Գտնվելով Ռինո քաղաքից 65 կմ հեռավորությամբ մեկուսի վայրում՝ «Պիրամիդ» լիճը հայտնի է իր յուրատեսակ կերպափոխությամբ:

Մի քանի շաբաթվա ընթացքում լճի ջուրը դառնում է բաց կապույտ, փիրուզագույն, երբեմն նաև սպիտակ: Հայտնի է, որ դա տեղի է ունենում կալցիումի կարբոնատի ինքնաբուխ կուտակման արդյունքում, սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես: Գիտնականները տեղյակ են, որ նպաստող հանգամանքներից են նաև ջրի բարձր ջերմաստիճանը, ջրիմուռների ծաղկումը և կալցիումի կոնցենտրացիան:

Հետաքրքրական է, որ սպիտակեցման գործընթացը վտանգավոր չէ ջրաշխարհի կյանքի համար, թեև նույնը չի կարելի ասել մարդկանց կամ կենդանիների համար: 2020 թվականի հուլիսի 22-ին վերցված ջրի փորձանմուշի ուսումնասիրությունը ցիանոտոքսինի այնպիսի մակարդակ է ցույց տվել, որը կարող է վնասակար լինել:

Փորձագետները նշում են, որ կենդանիները կարող են տենդի մեջ ընկնել և անգամ սատկել թունավոր ջրիմուռներով լի ջրում հայտնվելով:

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ լճի «սպիտակեցումը» սկսվել է անկյունային հատվածից և աստիճանաբար տարածվում է:

 

ԱՄՆ-ում «Պիրամիդ» կոչվող լիճը 10 տարին մեկ փիրուզագույն է դառնում՝ բնական երևույթի հետևանքով (լուսանկարներ)